Այսօր Հնդկաստանում բացվել է աշխարհի ամենաբարձր արձանը: 182 մետր բարձրությամբ արձանը նվիրված է Հնդկաստանի անկախության և միավորման գործում մեծ ջանքեր ու ավանդ ներդրած ազգային հերոս Վալլաբհբհայ Պատելին, նրան Սարդար Պատել են կոչում` առաջնորդ: Արձանի բացմանը մասնակցել ու ելույթ է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ընդգծելով Սարդար Պատելի դերը Հնդկաստանի անկախության և 562 նահանգները միավորելու գործում:
Արձանի կառուցումը սկսվել էր հինգ տարի առաջ, շինարարության վրա 430 միլիոն դոլար է ծախսվել: Իշխանությունները հույս ունեն, որ ծախսերը հետագայում կփակվեն, քանի որ աշխարհի ամենամեծ արձանը կնպաստի Գուջարաթի նահանգի զբոսաշրջության զարգացմանը: