ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպման քննարկումներին, որոնք վերաբերել են սպառազինությունների վերահսկմանն ու վստահության ստեղծմանը, տարածաշրջանային հակամարտություններին։
Նա ելույթ է ունեցել տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող քննարկմանը՝ նշելով, որ ցանկանում է իր դիտարկումներով կիսվել որպես քննարկման մասնակից և չի պատրաստվում պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ Հայաստանում իրավիճակի, Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, չնայած քննարկումներն անցկացվում են Մինսկում, իսկ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ բանակցային գործընթացով զբաղվող ԵԱՀԿ խումբը կոչվում է Մինսկի խումբ։ «Ես հուսով եմ, որ մի գեղեցիկ օր այս խմբի օգնությամբ կհասնենք խաղաղ կարգավորման»,-ասել է Հայաստանի նախագահը։ «21-րդ դարում, երբ մենք բախվում ենք բազմաթիվ վտանգների ու ռիսկերի, փոքր, անգամ սառեցված հակամարտությունները կարող են դառնալ մեծ խնդիրների աղբյուր: Դրանք կարող են վերածվել տարածաշրջանային հակամարտությունների ու անգամ դուրս գալ տարածաշրջանների սահմաններից: Մենք այսօր դրա ականատեսն ենք, օրինակ, Դոնբասում։ Մենք պետք է զգուշություն ցուցաբերենք փոքր, սառեցված հակամարտությունների մասին խոսելիս: Դրանք կարող են շատ վտանգավոր դառնալ: Սա վերաբերում է նաև այն հակամարտությանը, որին բախվել է իմ երկիրը. խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Ցավոք, այն, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, կարելի է որակել որպես լարման բարձր մակարդակ:
Կարծում եմ, որ 20 տարի առաջ ավելի շատ կարող էինք հույս դնել կայունության վրա: Ուզում եմ կոչ անել բոլոր մասնակիցներին, խոշոր պետությունների ներկայացուցիչներին՝ դադարեցնել փոքր հակամարտությունների, այդ թվում և՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միլիտարիզացիան: Այն փոքր տարածք է, սակայն դրա հետևանքով Հայաստանն ու Ադրբեջանն ավելացնում են սպառազինությունը: Իհարկե, դա միջուկային սպառազինություն չէ, սակայն բարդացնում է իրադրությունը, քանի որ այսօր տեխնոլոգիաներն ավելի ու ավելի են զարգանում, և զենքերն այսօր ավելի վտանգավոր են դառնում: Մեր կյանքում ամենակարևորը ժամանակն է: Գնել կարելի է ամեն ինչ, սակայն, ցավոք, մենք չենք կարող կանգնեցնել ժամանակը»,-ասել է նախագահը։