Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Համաձայն սահմանված կարգի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ ներկայացուցիչ Յուրի Գրիգորի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգն ավարտվել է: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովը ազատվել է Կազմակերպության Գլխավոր քարտուղարի պաշտոնից», - հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով, որ 6 երկրներին միավորող ռազմաքաղաքական կառույցի գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարն էր 2017-ի ապրիլի 14-ից:
Այսօր ԱԺ-ում ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրապ Մնացականյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե Հայաստանը նոր թեկնածու ունի, ասաց․ «Թեկնածուներ Հայաստանը ունի, որոնք, մեր գնահտամամբ, կարող են և կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն աշխատանքը»:
Նա հավելեց, որ հաջորդ շաբաթ ՀԱՊԿ-ում տեղի է ունենալու քննարկում ԱԳ նախարարների մակարդակով՝ հիմնվելով արդեն տեղի ունեցած աշխատանքների վրա։ Հաջորդ շաբաթ արդեն կհայտարարվի քննարկման արդյունքների մասին։ Մնացականյանը հիշեցրեց, որ ՀԱՊԿ անվտանգության խորհրդում Հայաստանը ներկայացնում է վարչապետը, որ նոյեմբերի 8-ին նա կմասնակցի կազմակերպության անվտանգության խորհրդի գագաթաժողովին:
Հարցին, թե Հայաստանը կարողացավ պահպանել նոր թեկնածուի առաջադրման իրավունքը, ԱԳ նախարարի պաշտոնակատարը պատասխանեց. «Դա հիմա օրակարգում է: Հաշվի առեք, որ մենք խոսում ենք մի շրջանի մասին, երբ մեկ տարի, մեկ տարուց ավելի է այս ամենը, և մենք վստահ ենք, որ կարող ենք այդ գործառույթը իրականացնել: Եթե որոշենք առաջադրել, մենք բավարար ռեսուրս ունենք Հայաստանում, որ կարող թեկնածու ունենանք, որը կկարողանա իրականացնել նման գործառույթ»: ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներն ի՞նչ են կարծում Հայաստանի՝ թեկնածու ունենալու վերաբերյալ, Զոհրապ Մնացականյանն արձագանքեց․ «Դրա համար եմ ասում, որ չեմ ուզում հիմա առաջ ընկնել: Դեռ ոչինչ վերջնական չի»: