ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Աստանայում՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտաևի հետ: Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար:
Նա կարևորել է Ղազախստանի հետ համագործակցության շարունակական զարգացումը երկկողմ, միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում: Երկուստեք գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերություններում կան աճի միտումներ և տնտեսական փոխգործակցության հետագա զարգացման մեծ ներուժ: Նրանք քննարկել են տնտեսական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախանշել համագործակցությունը հարստացնելու նոր գործնական ուղղություններ: Քննարկվել են ներդրումային համատեղ ծրագրեր իրականացնելու, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության հետ կապված հարցեր:
Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև ԼՂՀ կարգավորման խնդրին և անընդունելի է համարել հարցի ընդգրկումը զանազան կազմակերպությունների օրակարգում, ինչպիսիք են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդը: Փոխվարչապետն ընդգծել է, որ հարցի կագավորման միակ ընդունված հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափն է։