Գործող Ընտրական օրենսգրքով դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բուռն քննարկումները շարունակվում են քաղաքական ուժերի շրջանում: Մինչև ընտրությունները արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն էլ է դժվարանում ասել՝ ինչպիսին կլինի հաջորդ խորհրդարանը. «Կարող է ապաքաղաքական լինել, կարող է ապաքաղաքական չլինել՝ պայմանավորված է, թե քաղաքական ուժերը ինչպես կմասնակցեն, պետությունը ինչպես կկատարի իր պարտականությունները՝ երաշխավորելու և ապահովելու համար ընտրական իրավունքը»: Նրա խոսքով՝ քաղաքական խորհրդարան ձևավորելու գործում անելիք ունի նաև իրավապահ համակարգը:
«Մենք ցանկանում ենք՝ բոլորս, որպեսզի լինի քաղաքական ընտրություն: Բնականաբար, կառավարությունը, բնականաբար, Ոստիկանությունը ամեն ինչ անելու են, որպեսզի անօրինականություններ չլինեն: Կլինի նոր որակի խորհրդարան, անշուշտ, հաստատ այն ավելի, անհամեմատ ավելի լավն է լինելու, և մենք ամեն ինչ անելու ենք, որ լեգիտիմության պակաս չլինի», - ընդգծեց Զեյնալյանը: Նա համաձայն չէ իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, որ ժողովրդի աջակցությունը վայելող իշխանությունը բոլոր հնարավորությունները գործի չդրեց Ընտրական օրենսգրքի նոր նախագիծն անցկացնելու համար: Ազգային ժողովի երկու արտահերթ նիստերում էլ նախագիծը քննարկվեց և տապալվեց: Վերջին քվեարկությանըայն ընդունելու համար պակասեց ընդամենը մեկ ձայն:
«Գործող իշխանությունը, կառավարությունը գործադրեց բոլոր ջանքերը: Ինչ ստացվեց՝ դա ստացվեց», - նշեց Արտակ Զեյնալյանը: