Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Խոզահոտով ֆրանսիական դուխի

Խոզահոտով ֆրանսիական դուխի
06.11.2018 | 01:07

Վրեժ

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Լույսը վաղուց էր բացվել: Բենոն անշտապ մոտեցավ պատի տակի չեչոտ քարին, նստեց, մի երկու հերթապահ նյարդային շարժում անելով հարմարվեց, թեև քարը վաղուց հարմարվել ու հաշտվել էր անհանգիստ նստողի հետ: Քթի տակ մի քանի հայհոյախառը բառ շռայլեց իրեն գործից հանողի շատ կոնկրետ հասցեով, վառեց խանութում վաճառվող ամենաէժան և զզվելի ծուխ հանող ծխախոտը: Խանութում ամաչում էր առանց ֆիլտրի ծխախոտին սիգարետ ասել: Վաճառողն էլ սուսուփուս ամեն օր երեք տուփ դնում էր սեղանին՝ նրբանկատորեն դեմքը մի քիչ հեռու պահելով Բենոյից, որ տհաճ ծխահոտից չփռշտա կամ հազա:


Է՜, ի՞նչ ուներ շտապելու: Օրը երեք տուփ ծխում է, իսկ երբ շուրթերն ազատ էին լինում, սիրտը հովացնում էր հին ու նոր հայհոյանքներով, հիմնականում` «Ինձ կրճատողի մերը...»:
-Ա՛յ Բենո ջան, թարգի՛ ծխելը: Ախր, չես աշխատում, հլա մի հաշվի, թե ամիսը քանի հազար դրամ է անում: Էդ փողով գոնե լույսի վարձը կփակենք, համ էլ էդ ծխախոտից շան հոտ է գալիս... Հետո՝ էրեխեքը էլ օգնել չեն կարող, մեղք են: Մեծ տղեդ դեռ Եվրոպայում փախստականների ճամբարում է, ասում են` պիտի, մեղա՜ Աստծու, համոսեքսուալիստ լինի, որ գործերը հաջող գնան: Բա էդ պետությունը չի ամաչու՞մ։ Ճիշտն ասած՝ հլա մի կարգին չգիտեմ, թե էդ համոսեքսուալիստն ինչ է:


-Ա՛յ կնիկ, համոսեքսուալիստ չի, հոմոսեքսուալիստ...
-Իյա՜, բա ես էլ երեկ վարժապետ Համոյին հարցրի, թե համոսեքսուալիստն ինչ է, չբացատրեց, բայց մի տեսակ նայեց վրես ու կասկածանքով հեռացավ: Լա՛վ, Համոյից ներողություն կխնդրեմ՝ մտքին բան չմնա... Բա փոքր տղեդ ու հինգ երեխատեր աղջիկդ էլ ամեն ամիս չեն կարող գյուղացի ծնողներին յուղի ու պանրի փող ուղարկել, մեկը լինի` իրենց տա,- ամեն առավոտ Զվարթը վաղուց անգիր արած տեքստը, որպես կանացի պարտականություն, հրամցնում էր ամուսնուն, հետո կանչում` ատամի տակ մի բան գցելու: Իսկ մինչև կեսօրվա ճաշը, Աստված ողորմած է, մի բան ձեռքի հետ կստեղծի:


-Ախր, Զվարթ ջան, դարդերս խեղդում եմ ծխելով, մեկ-մեկ էլ որ հաջողվում է` մի երկու բաժակ խմում եմ, սիրտս չի պայթում: Ես չէ, դու ասա` ո՞նց թարգեմ։ Դե որ կարգին սիգարետ ու ամեն օրվա խմելու արաղ ու գինի ունենայի, էլ ինչի՞ կծխեի...
Զվարթը տեղավորվեց կողքի քարին: Կինը գոմից էր եկել: Էդ անտեր խոզահոտը կպել էր շորերին։ «Էն տավարի ու ոչխարի հոտը էլի ոչինչ, բայց խոզինը անտանելի է»,- կնոջը լսելի մտմտաց Բենոն և համարյա վճռեց, որ եկող աշուն խոզերի քոքը կկտրի:
-Ա՛յ Բենո, էս խոզերը որ չլինեն, դու տունուտեղ, կնիկ պահո՞ղ ես, հիմա տանտերը սրանք են,- ամուսնուն խեթ նայեց Զվարթը:
Բենոն ամաչեց խոզերին վիրավորելու երախտամոռ մտքից, ներողության պես մի բան շշնջաց ու կրկին հաշտվեց էն հոտին, որ արդեն երկու տարի կպել ու պոկ չի գալիս կնոջ հագուստից, նույնիսկ մերկ մարմնից: Մի անգամ գիշերը կարգին խնած պահին կնոջ կուրծքը մի թեթև համբուրեց, ինքն իրեն չհավատաց՝ ոնց որ խոզի մեջքը համբուրեր... Կինը խնայողության համար ամեն օր, այն էլ մի քանի անգամ, հո բաղնիք չէ՞ր միացնի... Մի լևի գիծ էլ չունեցավ: Դե՛ ի՞նչ արած, Զվարթի ֆրանսիական դուխին հիմա խոզահոտն է:


«Տեսնես էդ Փարիզի փափուկ կանայք, որ մի երկու անգամ հայկական կարգին խոզահոտ առնեն, իրենց վրա նայող կլինի՞ կամ ողջ կմնա՞ն: Ամենաքիչը՝ երևի կբաժանվեն»,- էդ մտքերի վրա էլ Բենոն աչքերը փակեց, ու մի դավադիր երազ սողոսկեց աչքերին... Իբր ֆրանսուհիների հետ էր, Էյֆելյան աշտարակի գլխապտույտ ռեստորանում շամպայնի բաժակն էր դատարկում՝ բարակիրան փարիզուհուն գրկած... Բենոյի անհանգիստ միտքը, թեև վախվորած, բայց անգամ հյուրանոցի սենյակը հասավ, մի անգամ էլ փարիզուհու ականջին հայավարի շշնջաց. «Քու՛ր ջան, շեղշե լա ֆամ...” (Փնտրեք կնոջը): Էդ միտքը իրենց գյուղի աշխարհ տեսած Սաշիկն էր բացատրել: Հիշեց, որ ֆրանսերեն մի բառ էլ գիտի` մերսի: էդ բառը թող մնա ամենավերջում՝ «Քու՛ր ջան, մերսի՛, մերսի՛, մերսի՛»: Բա՛, էդ հպարտ փարիզուհին թող չմտածի` անգրագետ եմ: Առանց այն էլ էդ գործում շատ խոսելն էլ մի բան չի»,- հեքիաթային երազում ինքն իրեն հանգստացրեց Բենոն:


Կարծես ամեն ինչ տեղն էր: Արագ մերկացել էր մադմազելը, իսկ իր ձեռքերը ազատ վերուվար էին անում ու արդեն... Մեկ էլ` Զվարթի սթափեցնող ձայնը մուրճի պես իջավ երազախաբ Բենոյի գլխին:
-Ա՛յ Բենո, էդ խոզերի բեղմնավորման շրջանն է, դրանք մարդու նման չեն, պետք է շա՜տ ուշադիր լինենք,- Բենոյի երազը հարամ արեց Զվարթը` մտքում համեմատելով մարդկանց և խոզերի բեղմնավորման առանձնահատկությունները... «Էդ անտեր խոզերը արհեստական բեղմնավորմամբ, առանց իրար գրկելու, խոզավարի խռխռալու, առանց որձ խոզի սեր բացատրելու, առանց էգի տաք պատասխանի, որ գոճի են ունենում, մի բանի նման չի... Մեղք են էդ անհեր գոճիները: Խոզն էլ սիրտ ու հոգի ունի, բա առանց հեր ո՞նց մեծանա...»,- գոճիների անհայրության ցավից սթափվեց Զվարթը:


Բենոյի փարիզյան ճամփորդությունն ավարտվեց հայաստանյան սուր խոզահոտով։ Նա ըմբռնումով հերթական անգամ կուլ տվեց պատուհանից անարգել լցվող խոզահոտի գիշերային պաշարները։
-Բենո՛ ջան, ոնց որ տեսնում եմ` ծխելը իմ ասելով չես թարգում, ասում են` եվրոպաներում շատ ձևեր կան: Թարգելու մի գաղտնիք ասեմ: Էն բուժքույրը, անմարդ Նազիկը, ոնց որ թե սիրահարվել է քեզ, մի քանի անգամ էլ քո առողջությունից է հարցրել։ Ասենք, որ պատահի ու հանկարծ քեզ կանչի, էդ ծխախոտի շան հոտն էլ քո վրից գա, էդ քաղաքի աղջիկը բա քեզ բան կասի՞,- ամուսնու զգոնությունը կատակով փորձեց ստուգել Զվարթը: - Թարգի՛, էլի:
-Անգործ ու դատարկ ջեբով Բենոյին, ա՛յ Զվարթ, ո՞ր կնիկը մարդատեղ կդնի,- կնոջ տարակուսանքը փարատեց Բենոն:
Զվարթը հանգիստ խղճով նորից գոմ շտապեց, իսկ քամին խոզահոտի նոր ալիք բերեց։
Թեյը կիսատ-պռատ խմելուց հետո Բենոն ամեն օրվա պես իջավ գյուղամեջ` մի բան լսելու: Մեկ էլ տեսար` մի գործ մի տեղից ծլավ։


Բուժկետի կողքով անցնելիս` մեկ էլ դեմ դիմաց նկատեց բուժքույր Նազիկին:
-Բենո՛ ջան, բա՛րև, ո՞նց ես, առողջությունդ ո՞նց է,- սովորականից ջերմ ողջունեց բուժքույրը:
Նազիկը նրան շատ էր բարևել, բայց էս անգամ Բենոյի մարմնով մի տաք դող անցավ: Որտեղից որտեղ հիշեց կնոջ խոսքը. «Էն բուժքույր անմարդ Նազիկը ոնց որ սիրահարվել է քեզ...»:
«Կարո՞ղ է կինս կատակ չէր անում»,- մտքերը շուռումուռ տվեց Բենոն` վառելով երկրորդ տուփի առաջին սիգարետը:
-Ա՛յ Բենո ջան, ծխելը թարգի, շան հոտ է գալիս էդ սիգարետից, համ էլ՝ ահագին փող կխնայես, գոնե լույսի վարձը կփակես,- բարեկամաբար խորհուրդ տվեց Նազիկը:
Ա՛յ էստեղ Բենոն լեզուն կծեց:
«Ըհը՜, ուրեմն կինս մի բան գիտեր և բերանից միամիտ թռցրեց, էլ կասկած չկա, երկուսն էլ նույն բանն ասին»,- համարձակության վերջին պաշարը հավաքեց Բենոն, ստուգողական մի կեսբերան հազաց, փորձեց հարմար բառեր գտնել Նազիկի սերը բորբոքելու:
Զվարթի համեմատ Նազիկը հաստատ ֆրանսուհի է, վրայից ֆրանսիական դուխու անուշ հոտ է գալիս, կիսաբաց կուրծքը, սպիտակ ու փափուկ մաշկը... Ոնց որ գիշերվա երազս լինի...
Բենոն մտքում մաղձոտ հայհոյեց. «Ես բախտ բաժանողի...»:
-Նազի՛կ ջան, էս անտեր կրծքիս կողմերում մեկ-մեկ ծակոցներ եմ ունենում, չգիտեմ ինչից է,- հուզմունքը թաքցնելով՝ հազիվ շշնջաց Բենոն:
-Վա՜յ, Բենո՛ ջան, արի բուժարան, հենց հիմա քեզ մի լավ կտնտղեմ,- կարճ կապեց Նազիկն ու Բենոյի հետ ներս մտավ:
-Բլուզդ հանի՛ր, պառկիր էս չոր թախտին,- ժպիտով առաջարկեց բուժքույրը:
Արյունը խփեց Բենոյի գլխին։ Թե որ մտքին ուրիշ բան լիներ, չէր կոնկրետացնի` մենակ բլուզը: Բայց ինչու՞ ժպիտով շեշտեց` չոր թախտին... Բենոն հիշողությունը փորփրեց` մտաբերելու, թե Նազիկի ամուսինը երբ է մահացել՝ «Մեկ տարի. ահագին ժամանակ է, դե, ինքն էլ սիրուն ու ջահել կին է, համ էլ` չբեր... Հաստատ կինս ճիշտ է, բերանից միամիտ թռցրեց: Կնկա բերանը գաղտնիք պահելու ամենաանհարմար տեղն է»: Բենոն իրեն լավ զգաց փիլիսոփայական իր բնատուր ընդունակության համար՝ «Վա՜յ, բախտ բաժանող...»:


Նազիկը սկզբում լսեց Բենոյի թոքերը` փափուկ ափերը սեղմելով մեջքին։ Թեև տղամարդիկ սովորաբար մեջքից խուտուտ չեն առնում, բայց Բենոն ցույց տվեց, թե իբր հաճելի խուտուտ զգաց։
-Ա՛յ Բենո ջան, ծխելը թարգի, գիտե՞ս ոնց կպնդանաս: Համ էլ` էդ սիգարետից շան հոտ ա գալիս,- Բենոյի վրա թեքված՝ կրկին խորհուրդ տվեց Նազիկը:- Հիմա պառկիր մեջքի վրա՝ սիրտդ լսեմ:
Բենոն նկատեց բուժքրոջ կրծկալից կիսով չափ դուրս եկած ստինքները: Կրծքի՞, թե՞ օծանելիքի հաճելի հոտն էր` Բենոն գլխապտույտ զգաց, աչքերը մի թեթև մշուշվեցին, սրտի զարկերն արագացան։
-Թեև հիմա շատ արագ է զարկում, բայց հրաշալի սիրտ ունես,- հանգստացրեց Նազիկը:
«Էդ որ ասեց` հրաշալի սիրտ ունես, տեսնես կոմպլիմե՞նտ է, թե՞ դիագնոզ,- մի նոր մտածմունքի մեջ ընկավ Բենոն:- Քանի պառկած եմ, մի բան էլ ես ասեմ...»: ՈՒզում էր ֆրանսուհիներից հարցնել, գիշերվա երազը պատմել, բայց խոսքը բերանում մնաց:
-Բենո՛ ջան, նստի՛ր, ձեռքդ տու՛ր, զարկերդ հաշվեմ։
Բենոն մեքենայաբար երկու ձեռքը մեկնեց բժշկուհուն: Նազիկը ձախ ձեռքի զարկերակը շոշափեց... Բենոն աչքերը փակել էր և աջ ձեռքը, իբր չնկատելով, պատահաբար դրեց Նազիկի բացված ազդրին: Սրտի զարկերն ավելի արագացան, բայց ձեռքը հետ չքաշեց: Սպասում էր Նազիկի շարժումին: Զգաց, որ Նազիկի սրտի զարկերն էլ ուժեղացան, նույնիսկ լսում էր թփթփոցը, բայց ոտքը չէր քաշում։
-Բենո ջան, ի՞նչ զգացողություն ունես:
-Ես էլ չգիտեմ, Նազիկ ջան, ոնց որ ես ես չեմ,- փորձեց անկեղծանալ Բենոն` ափը դեռ թողնելով բժշկուհու սպիտակ խալաթի բացվածքից մերկ ազդրին:
-Բենո՛ ջան, դեղ կտամ, էսօր խմիր, վաղը կեսօրին անցիր, նորից ստուգեմ,- զննումը ավարտեց Նազիկը` ազդրը թաքուն ափսոսանքով ազատելով Բենոյի ձեռքի հաճելի գերությունից:
Բենոն կնոջը ոչինչ չասաց բժշկուհուն անակնկալ այցելությունից, բայց կեսբերան հասկացրեց, որ գլուխը մի քիչ ցավում է, երևի գլխացավի մի երկու հաբ մի տեղից ճարի, կուլ տա... Ի՞նչ իմանաս, կարող է կողքից մեկը նկատած լինի բուժարան մտնելը կամ դուրս գալը: Կանայք բաց չեն թողնում մխիթարական թեմաներով հարց ու փորձ անելու առիթը հատկապես սուրճի ժամանակ: Էդ անտեր սուրճն էլ կնոջ բամբասանքի մուսան է։


Բենոն գիշերը անհանգիստ էր, շուռումուռ էր գալիս, վախեցավ քնել. «Ախր, սատանի բան է, մեկ-մեկ երազում բարձր խոսում եմ, բա որ բերանիցս մի բառ թռցնե՞մ»: Աչքերը փակեց` իբր քնած է։ Կինը վերմակի տակից ամեն անգամվա պես ոտքը Բենոյի կողմը կամաց սահեցրեց... Բենոն սովորականի պես ոտքը չշարժեց` իբր խոր քնած է... «Մեղք է, աշխատանք չունի, շատ է մտածում, թող հանգիստ քնի»,- ոտքը կամաց հետ քաշեց կինը։ Բենոն զգաց, որ խոզահոտը պինդ կպել է Զվարթի մերկ մարմնին. ախր օրը երկու-երեք անգամ լողանալը մեծ շռայլություն կլինի, խոզի բերած եկամտի կեսը հո բաղնիքի վրա չե՞ն ծախսելու։
Առավոտյան նույն ժամին Բենոն վստահորեն նստեց իր չեչոտ քարին, բայց ամենօրյա հերթապահ շարժումները չարեց: Հանեց ծխախոտի տուփը, սովորականից ավելի մեղմ հայհոյանք տվեց, ուզեց կպցնել։ Հանկարծ Նազիկի փափուկ ձեռքի հպումը հիշեց. «Բենո՛ ջան, ծխելը թարգիր, էդ սիգարետից շան հոտ է գալիս...»: Նայեց կողքերը, մեղավորի պես ծխախոտը դրեց տուփի մեջ։ «Բա որ Զվարթը տեսնի չեմ ծխում, ո՞նց արդարանամ,- անհանգստացավ Բենոն ու ծխախոտն առանց վառելու դրեց բերանը:- Ավելի լավ է իջնեմ գյուղամեջ: Բայց դեռ իմ ժամը չէ, իզուր կասկածներ կառաջանան»:
Վերջապես ժամացույցի սլաքները հայտնվեցին ցանկալի դիրքում: Բենոն սրտի դողով քայլեց դեպի բուժարան: Զգաց, որ այսօր ոնց որ թե մի քիչ գողեգող է քայլում: Համարձակություն հավաքեց, բուժարանն արդեն տասը-տասնհինգ քայլի վրա էր։


-Բենո՛ ջան, մեջքի վրա պառկիր` սիրտդ ստուգեմ,- ջերմ բարևից հետո ասաց բժշկուհին:
Բենոն, վերնաշապիկը շտապ հանելով, նախորդ օրվանից ավելի համարձակ պառկեց: Նազիկը երեկվանից ոնց որ թե ավելի շատ է թեքվել, կրծքերն էլ գրեթե Բենոյի քթին էին կպչում: Կրծկալը մի քիչ էլ բացվեց: «Ոնց որ բախտս էլ է բացվում»,- տղամարդկությունը եռաց Բենոյի երակներում:
-Բենո՛ ջան, ձեռքերդ ոնց ուզում ես շարժիր,- շշնջաց Նազիկը` լսող սարքը հպելով մազոտ կրծքին:
Բենոն չհասկացավ, թե ինչ շարժումներ արեց, բայց մի քանի վայրկյան անց Նազիկը հայտնվեց իր գրկում... Երկուսի սրտի զարկերն էլ թեև արագ էին, բայց` միանման...
Կես ժամ անց Նազիկը իր բաց կրծքով զգաց, թե Բենոյի սրտի զարկերն ինչքան հանգիստ են ու հավասարաչափ։
-Բենո՛ ջան, էն իմ տված դեղերը էլ չխմես,- աչքերը փակ, Բենոյի տաք շնչառությունը վայելելով, ասաց մեկ տարի տղամարդ չտեսած Նազիկը:
-Համ էլ` ծխելը թարգել եմ,- ավելի քնքշացավ Բենոն։
«Շաբաթը մի քանի անգամ գալու եմ բուժման։ Լավ է, որ բուժարանի մուտքը շենքի հետևի կողմից է, նայողներ գրեթե չկան: Հերիք է աշխարհի կողքով անցնեմ»,- մտքում հաստատ վճռեց Բենոն: Ուզում էր ամենօրյա հայհոյանքը հիշել` «Ես բախտ բաժանողի...», բայց հասկացավ, որ էս անգամ բախտ բաժանողը բարեհաճ էր իր նկատմամբ, նրան հանգիստ թողեց։ Հետո դեղի մի դատարկ տուփ վերցրեց և ցուցադրաբար դուրս եկավ բուժարանից...
-Այ կնի՛կ, բա չես ասի` ծխելը թարգել եմ,- անկողնում Զվարթին տնտղեց Բենոն` մի կերպ թաքցնելով շփոթմունքը:
-Խելքս բան չի կտրում,- տարակուսանքով պատասխանեց կինը:
Քիչ հետո Բենոն մի քանի ձևական տնքոցով աչքերը փակեց` իբր հեչ տրամադրություն չունի: Զվարթը մի երկու անգամ ոտքով ստուգողական շարժում արեց, Բենոն դարձյալ խոր քնած էր: «Էս Բենոյի հետ մի բան կատարվում է, գլխի չեմ ընկնում, վաղը հլա հետևեմ»,- մի մութ կասկած ընկավ Զվարթի սիրտը:


Մինչև լույս շուռումուռ եկավ, բան չհասկացավ: Առավոտվա կողմը մութուլուսին, էլի մի ստուգողական ոտնաշարժ արեց, Բենոն դարձյալ խո՜ր քնած էր:
-Բենո՛ ջան, քույրս զանգեց, իրեն վատ է զգում: Հակառակի պես խմորը շաղել է, գնամ իրենց հացը թխեմ, մի քիչ էլ լվացք կա անելու, պրծնեմ, իրիկունը կգամ: Քո ճաշն էլ եփել եմ, սոված չմնաս,- առավոտյան չեչոտ քարին առանց ծխախոտի նստած ամուսնուն քաղցրությամբ հրաժեշտ տվեց կինը:
Կեսօրին Բենոն փայլող աչքերով մտավ բուժարան: Չնկատեց, որ դիմացի հաստաբուն ծառի հետևից կանացի զույգ աչքեր իրեն էին հետևում։ Մի քանի րոպե անց Զվարթը մոտեցավ բուժարանի դռանը: Փակ էր, վարագույրն էլ` քաշած: Շոշափելով` բռաչափ մի քար գետնից վերցրեց և` ուղիղ պատուհանին: Ջարդված մասից մի ակնթարթ տեսավ կիսամերկ ամուսնուն ու բուժքրոջը...
Զվարթը խելագարի պես վազում էր դեպի տուն` հայհոյանքների շարքում մեկ-մեկ էլ հիշելով ամուսնու խոսքերը. «Այ կնի՛կ, ծխելը թարգել եմ»:
Բենոն գիշերով տուն մտավ։ Կինը որոշել էր երեխաներին կանչել քաղաքից։ Մի քանի ժամ հեռախոսի լսափողը ափի մեջ էր, չէր ուզում փշրել նրանց ընտանիքների խաղաղությունը, թոռների ուրախությունը։ Ամենակարևորը՝ խնամիների լեզուն ո՜նց կերկարի... Արժե՞ր մի վայրկյանում փշրել այդ ամենը` դրա դիմաց ոչինչ չստանալով։ Իհարկե, Բենոն կպատժվի, իր սիրտն էլ մի քիչ կհովանա, բայց հետո զավակների համար ավելի կմորմոքի։ Գուցե ժամանակը կորոշի...
Լույսը բացվելու վրա էր: Զվարթն ինքն իրեն համոզեց, որ առայժմ շտապել պետք չէ, զավակների ընտանեկան անդորրը իր համար ավելին է։ Բենոն փշրված էր ապակու նման... Պիտի կտոր-կտոր հավաքի փշուրները, մի կերպ կպցնի` նույն հարկի տակ ապրելու համար կամ էլ սուսուփուս կհեռանա...


«Ավարտվեց լուրերի առավոտյան թողարկումը,- լռությունը խախտեց ռադիոյի հաղորդավարուհին:- Իսկ այժմ կլսեք հոգեբանական թեմայով զրույց` «Ներումի և հաշտության ամենաարդար դատավորը ժամանակն է»: Սիրելի ռադիոլսողներ, եվրոպական ամենահայտնի վիճակագրական կազմակերպության տվյալներով` տղամարդկանց 70-80 տոկոսը հակված է սիրավեպերի...»:
Բենոն վերմակի տակ ձգվեց` «Ես բախտ բաժանողի...»: Զվարթը, խեթ-խեթ նայելով ռադիոյին, մտքում ֆշշացրեց. «Հլա տե՛ս, ամբողջ աշխարհն է փչացած»։ Զվարթը փնթփնթալով գնաց գոմ խոզերին կերակրելու:
«Սիրելի ռադիոլսողներ, իսկ այժմ` գովազդ,- լռությունը կրկին լցրեց ռադիոյի հաղորդավարուհին:- Եթե ցանկանում եք Ձեր սիրած էակին կանանց տոնի առթիվ երջանկություն պարգևել, գնեք ֆրանսիական դուխի` մեկ տուփը ընդամենը 100 դոլար»:
-Համարյա մի խոզի գին է,- անկողնում տնքոցով շուռումուռ եկավ Բենոն` ըմբռնումով շնչելով բաց պատուհանից վայրենաբար ներխուժող խոզահոտի նոր ալիքը: Աչքերը կատաղությունից փակեց։ Սատանի պես, Նազիկի ճերմակ մարմինը հայտնվեց, նույնիսկ ֆրանսիական դուխու հոտն առավ։ Նա մի քանի անգամ գալարվեց անկողնում, գրկեց բրդե ծանր բարձը. «Տե՜ր Աստված, մի՞թե ողջ կյանքում...»:


Հաղորդավարուհին կրկին կտրեց Բենոյի մտքի թելը. «Սիրելի ռադիոլսողներ, վերջերս մի հեղինակավոր թերթ սենսացիոն հայտարարություն է արել` ֆրանսուհիները շոկոլադը գերադասում են սեքսից...»։
-Վա՛յ, բախտ բաժանող, սեքսը ում են տվել, ախորժակը` ում։ Էս ո՞վ է բաժանել էսքան անարդար,- վերմակը վրայից շպրտեց Բենոն և կատաղորեն սկսեց հագնվել։
Լույսը վաղուց բացվել էր: Բենոն նստեց իր չեչոտ քարին, առաջվա պես անհանգիստ շարժումներ արեց հարմարվելու, հանեց պատի ճեղքում պահած ծխախոտի կիսատ տուփը, վառեց, ծուխը կատաղությամբ ներս քաշեց ու սկսեց սովորականից ավելի թունդ հայհոյել. «Ինձ կրճատողի մերը...»:
-Բարի լու՛յս, Բենո՛,- կողքի քարին տեղավորվեց հարևանը։- Ասում են` էս գիշեր բուժքույր Նազիկը ունեցած-չունեցածը բարձել է մի բեռնատար ու սուսուփուս քոչել ուրիշ տեղ, պատճառը մարդ չգիտի...
Բենոյի մարմնով սառը դող անցավ, սիրտը սեղմվեց:
-Երևի էս գյուղից զզվեց, գնաց մարդավարի ապրի,- հարևանի հարցական աչքերին նայեց Բենոն: Արցունքի երկու ծանր կաթիլ Բենոյի աչքերին չհասան, միանգամից սիրտը գնացին` «Ների՛ր, Նազի՛կ, ների՜ր»:
Թեթև քամին գոմից խոզահոտ բերեց։ Բենոն տնքոցով կրկին հիշեց Փարիզը, ֆրանսուհիներին... Հե՜յ գիդի, ֆրանսիական դուխի, հայաստանյան խոզահոտը քեզնից ուժեղ է։


10 օր է՝ Բենոն նորից ծխում էր, արդեն` օրական չորս տուփ։
...Թեև Զվարթի սրտից արյուն էր գնում, բայց փոքրիկ սեղան էր գցել ու հեռուստացույց էր նայում՝ Ամանորի հանդեսն էր:
-Սիրելի հայրենակիցնե՛ր, 15 րոպե հետո ժամացույցի սլաքները կազդարարեն նոր տարվա սկիզբը՝ մեզ պարգևելով սեր ու համերաշխություն, նոր տրամադրություն ու նոր եռանդ... Ի դեպ, աշխարհի շատ ժողովուրդների մոտ այսպիսի սովորություն կա՝ բոլոր խռոված սրտերը հաշտվում են, անգամ թշնամացած ծանոթներն ու բարեկամները...
Բենոն աչքի պոչով նայում էր սեղանի մոտ մենակ նստած Զվարթին և դեմը... երկու ափսե ու երկու բաժակ գինի: «Գուցե բացակա տղայի համար է սիմվոլիկ լցրել»,- մտածեց Բենոն և վախեցավ մոտենալ՝ «Էս սուրբ օրով տուրուդմփոց չլինի»: Բայց երկու բաժակ գինին կարծես հաշտություն է... Զվարթը չէր նայում ամուսնուն, բայց աչքերն էր սրբում: Ժամացույցի սլաքները միացան իրար: Բենոն չհասկացավ՝ ի՞նքը վազեց, թե՞ ոտքերը տարան: Գինու բաժակը վերցրեց ու...
Ամբողջ կյանքում այդպես սիրառատ չէին համբուրվել՝ ոչ խոզահոտ կար, ոչ էլ՝ ծխախոտի շան հոտ...

Դիտվել է՝ 92211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ