«ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը պաշտոնապես հայտնի կլինի արդեն այս շաբաթ. նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթաժողովը, որի օրակարգի հիմնական հարցերից մեկն էլ դա է լինելու: «Ժողովուրդը» գրել է, որ իշխանությունները որոշել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Բելառուսը, որ ըստ կարգի հաջորդն է նախագահելու ՀԱՊԿ-ում, փորձում է օգտագործել ստեղծված իրավիճակը գլխավոր քարտուղարի պաշտոնը ժամանակից շուտ իրենով անելու համար: ՀԱՊԿ ներսում Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը ոչ միանշանակ է ընդունվել: Նրա թեկնածությանը ընդդիմանալու համար անդամ երկրների ներկայացուցիչներից ոմանց կողմից որպես փաստարկ բերվում է, որ դեռ 2002թ. Հարությունյանն աստիճանազրկվել է:
Վաղարշակ Հարությունյանը պաշտոնից ազատվելուց հետո երկար տարիներ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամ էր` հանդես գալով արմատական ընդդիմության դիրքերից, պայքարելով Քոչարյանի իշխանության դեմ: Եվ այն ժամանակ նախագահ Քոչարյանը չներեց Հարությունյանի ընդդիմադիր կեցվածքը. 2002թ. հուլիսի 18-ին նա հրամանագիր էր ստորագրել Հարությունյանին ոչ միայն գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից զրկելու մասին: Կատարվածը բացառապես քաղաքական դրդապատճառ ուներ, քաղաքական հալածանքի դրսևորում էր: