Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի կնքումը խիստ հրատապ է` ասել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: «Մենք պետք է ունենանք այդ փաստաթուղթը, որտեղ նշված կլինի, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Այստեղ կարևոր է «ժողովրդի անվտանգության երաշխավոր» ձևակերպումը, այլ ոչ թե` «տարածքային ամբողջականության երաշխավոր», քանի որ այսօր մենք Ադրբեջանի հսկողության տակ ունենք տարածքներ», - ասել է Վ. Բալասանյանը: Նա նշել է, որ մայիսին ՀՀ իշխանություններին նման առաջարկ է արվել, և առաջարկն ընդունվել է, տրվել են հանձնարարականներ, տարվել են աշխատանքներ և կարելի է ասել, որ փաթեթն արդեն պատրաստ է: «Ուղղակի հայաստանյան ներքաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված` այն որոշակիորեն հետաձգվել է: Սակայն համոզված եմ, որ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո` կարճ ժամանակ անց, մենք կունենանք այդ փաստաթուղթը»,- նշել է ԱԽ քարտուղարը: