Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Ներկայացում ներկայացումից առաջ

Ներկայացում ներկայացումից առաջ
16.11.2018 | 03:19

Անահիտ ԹՈՓՉՅԱՆ
Փարիզ, 2018 թ.

1990-ականների սկզբին էր: Ֆրանսիայի հայաշատ քաղաքներում մի շարք մենաներկայացում հաջողությամբ խաղալուց հետո հրավեր ստացա նաև Մարսելից, որտեղ հայության ամենահոծ զանգվածն էր: Սեփական փորձով գիտեի, որ այդ քաղաքում բանիմաց ու թատերասեր հանդիսատես կա, հանգամանք, որն ինձ ստիպում էր առավել պատասխանատվությամբ նախապատրաստվել սպասվելիք ելույթին:


Բայց այնպես ստացվեց, որ ուղևորությանը նախորդող օրերին, մանր-մունր հոգսերի պատճառով, չկարողացա ժամանակ գտնել մենախոսության տեքստը գոնե մեկ անգամ ծայրեծայր կրկնելու, երաժշտությունը ստուգելու: Միակ հույսս էր, որ առատաձեռն հրավիրողները տոմս են պատվիրել առաջին կարգի վագոնում, որտեղ, սովորաբար, շատ մարդ չի լինում, ուստի գրեթե կատարյալ լռություն է տիրում, և ես կկարողանամ մոտ չորս ժամ տևող ուղևորության ընթացքում հանգիստ, առանց աճապարելու աշխատել տեքստի վրա:


Սակայն ինձ տարօրինակ անակնկալ էր սպասում, և իմ հույսերը պիտի հօդս ցնդեին:
Առաջին կարգի վագոնում իսկապես լռություն էր: Եթե ոչ կատարյալ, ապա հանդիսավոր: Ընդամենը 15-16 հոգի կար: Հիմնականում միջին տարիքի ունևոր և ծանրակշիռ մարդիկ, որոնք, դեսուդեն տեղավորվելուն պես, ինչ-որ թղթեր հանեցին իրենց պայուսակներից և կենտրոնացած սկսեցին ուսումնասիրել: ՈՒրախ, որ վագոնում միանգամից աշխատանքային մթնոլորտ է ստեղծվում, ես էլ իմ թղթերը հանեցի և քսաներորդի դարավերջից տեղափոխվեցի չորրորդ դար, Արտագերս ամրոց, որտեղ նույնպես խորհրդավոր լռություն էր տիրում:
Գնացքի շարժվելուն, հավանաբար, մի քանի վայրկյան էր մնում, երբ աղմկալից փութկոտությամբ մի երիտասարդ մտավ: Նա հանդիսավորությամբ, հաղթական ժպիտը դեմքին, քայլեց նստարանների միջով, սիրալիր բարևեց երկու հոգու, մեկին նույնիսկ ձեռքով և, մեծագույն տհաճություն պատճառելով ինձ, գրավեց դիմացիս երկու աթոռներից մեկը` ճիշտ առջևս: Ես մասնավոր տեղ էի խնդրել վագոնի կենտրոնում, որտեղ դեմ-դիմաց գտնվող զույգ նստատեղերի միջև սեղան կա: Հույսս այն էր, որ կկարողանամ այդտեղ թղթերս փռել և հանգիստ աշխատել: Սակայն…


Նորահայտ ուղևորը` մոտ 25 տարեկան մի երիտասարդ, զուսպ ժպիտով բարևեց ինձ, միջին չափի ճամփորդական պայուսակը տեղավորեց կողքի ազատ աթոռին, օրվա լրագրերը հանեց, որ հավանաբար գնել էր կայարանի կրպակից, խշխշացնելով թերթեց և անփութորեն մի կողմ գցեց: Այնուհետև, պայուսակի խորքերը պեղելով դուրս բերեց «Motorola» ձեռքի հեռախոսը և ի միջի այլոց դրեց սեղանին, ասես անկարևոր մի առարկա, որը քիչ անց, թերթերի հետ նույնպես կարող է հայտնվել աղբարկղում:
Նման բան, իհարկե, ոչ մի դեպքում տեղի չէր ունենա: Դա ընդամենը ցուցադրական մի շարժում էր` համոզելու տեսնողներին, տվյալ դեպքում ինձ, որ այդ գործիքն իր համար առանձնապես մի բան չէ, ուստի կարող է անփութորեն դնել սեղանին:
Ձեռքի հեռախոսն այդ օրերին քիչ է ասել, թե հազվագյուտ մի բան էր Ֆրանսիայում: Դա յուրատեսակ պաշտամունքի առարկա էր, որ կարելի էր տեսնել լոկ հատուկենտ մարդկանց ձեռքին, այն էլ ոչ թե փողոցում կամ մետրոյում, այլ առանձնահատուկ վայրերում, ուր խիստ սահմանափակ ընտրանին մուտք ուներ:


Հարցը միայն թանկությունը չէր: Այլև նորամուծության յուրատեսակ խորհրդավորությունը, անսովորությունը, որ ժամանակ էր պահանջում ընտելանալու` ուզած պահին ծառայելու պատրաստ, գրպանը մտած այդ կախարդական խաղալիքին: Ես հարուստ ծանոթներ ունեի, գործի մարդիկ, որոնց համար թանկ էր յուրաքանչյուր րոպեն, սակայն, չգիտես ինչու, նրանք չէին շտապում բաժանորդագրվել այդ նոր ծառայությանը:
Իմ ուղեկիցը, ինչպես երևում էր, ոչ միայն բավականաչափ ընտելացել էր, այլև կարող էր օտար կնոջ ներկայությամբ գործիքը թողնել սեղանին և մի տասը րոպեով հեռանալ` հավանաբար դեպի զուգարան: Վերադառնալով` իր հետ բերեց թանկանոց օծանելիքի գրեթե շնչահեղձ անող մի բույր, նորից ժպտաց ինձ, հարմար տեղավորվեց, հեռախոսն առավ և մի համար հավաքեց.
-Բարև, Ժերար… լավ եմ… հուսամ` դու էլ… զանգում եմ, որովհետև ստիպված եմ հետաձգել մեր այսօրվա ժամադրությունը… ներող կլինես, գիտեմ, որ այդ գործը քեզ համար շատ կարևոր է, բայց դու պիտի հասկանաս, թե ինչու եմ շտապում հենց այսօր լինել Մարսելում… ՈՒրիշ կերպ չէի կարող… Անհոգ եղիր, քո գործը կշտկենք, պարզապես մի երկու օրով կուշանա… Շնորհակալ եմ, որ մտնում ես իմ դրության մեջ, դու միշտ իմ լավ բարեկամն ես եղել…
ՈՒղեկիցս հեռախոսը դրեց սեղանին, թեթևացած շունչ քաշեց, ասես մի ծանր հոգսից էր ազատվել: Հետո ներողամիտ ժպիտով նայեց ինձ և ասաց.
-Շատ կուզեի, բայց բոլորին հասնել չեմ կարող, հասկանում եք… Ես էլ գործեր ունեմ:
-Այո, իհարկե,- պատասխանեցի ես:
Ասես ի դեմս ինձ համախոհ գտնելով, նա, քաջալերված, պայուսակից հանեց կաշեկազմ թանկարժեք «Agenda»-ն` օրատետրը, ինչ-որ տող ջնջեց, նշումներ արեց և հերթական համարը հավաքեց.
-Բարև, Անդրե, ես եմ… Ոչ, ոչ, ես եմ` Ժան-Միշելը… Այո, այո… Չորս ժամից Մարսելում կլինեմ… Գնացքից եմ զանգում, ձեռքի հեռախոսով… Լսիր, կարո՞ղ ենք այսօր երեկոյան Բեռնարի հետ ընթրել… Ոչ, ոչ, Բեռնար Տապին` «Օլիմպիկ» Մարսելի մարզիչը: Այո, այո, հենց նա… Չէ՞ որ դուք մտերիմ բարեկամներ եք… Հա՜, այո, գիտեմ, գիտեմ, կարող ես չպատմել… Շատ եմ խնդրում, կազմակերպիր… Այդ աֆրիկացի ֆուտբոլիստի հարցով… Ասում է` թանկ է, մեկ միլիոնը շատ է… Ասա, թող հիմարություն չանի… Այդ տղան արդեն բանակցություններ է սկսել «Արսենալի» հետ… Թող վճարի այդ միլիոնը, մեկ տարի հետո մենք դրան առնվազն քսան միլիոնով ուրիշ թիմի կծախենք… Դու քո տոկոսները կունենաս, իհարկե… ՈՒրեմն, կլինի՞… Պայմանավորվա՞ծ էիր արդեն… Այսօր ժամը ութի՞ն… Լսիր, դու հրաշագործ ես… Իհարկե «Ալքիոնում», ամենալավ ձկնեղենն այնտեղ է…


Նա դարձյալ նշումներ արեց օրատետրում և մի նոր համար հավաքեց.
-Լսիր, Լուի, ճի՞շտ է, որ այս տարվա Գոնկուրն ուզում են ինչ-որ լիբանանցու տալ… Այդպիսի մտադրություն կա՞… Դա պարզապես խայտառակություն է, ուրեմն ամբողջ Ֆրանսիայում չկարողացան արժանի վիպասան գտնել, գնացել Լիբանանից են բերե՞լ… Հասկանում եմ, հեռախոսով քննարկելու նյութ չէ, բայց սիրտս պայթում է վիրավորանքից… Հիմա գնում եմ Մարսել… Գնացքից եմ զանգում, ձեռքի հեռախոսով… Չէ, երեկոյան չեմ կարող, շատ կարևոր ժամադրություն ունեմ… Վաղն առավոտյան կզանգեմ… Դե, ciao!
Ժան-Միշելը, խորապես վիրավորված, գլուխն օրորեց, իբր այս ի՞նչ է կատարվում աշխարհում, և մի նոր համար հավաքեց.
-«Օպտիմո» գործակալությու՞նն է… Բարև Ձեզ, ես հետաքրքրվում եմ Մոցարտի փողոցում գտնվող հինգսենյականոց բնակարանով… Ժան-Միշել Բուայեն է, երկու օր առաջ ես ճաշում էի Ձեր պատրոնի հետ… Այո, այո, ես եմ… Նա խոստացավ այդ բնակարանի գինն իջեցնել… Արդեն իջեցվա՞ծ է… Հինգ միլիո՞ն… Հրաշալի է, ասեք նրան, որ ես վերցնում եմ… Ոչ, ցավոք սրտի այսօր չեմ կարող, հիմա Մարսել եմ գնում, գնացքից եմ զանգում` ձեռքի հեռախոսով… Վաղը չէ մյուս օրը առավոտյան ժամը տասին կլինեմ ձեզ մոտ: Պայմանավորվեցինք:
Հաջորդ երկու զանգերն օտար լեզուներով էին: Առաջինն իտալերեն էր, զանգել էր Միլան: Որքան հասկացա, եկող շաբաթվա համար «Լա Սկալա»-ում` «Տրավիատա»-ի երկու տոմս էր պատվիրում: Մյուսն անգլերեն էր, զանգել էր «Բարքլեյ» բանկ և կարծես տեղեկություն էր ուզում ստանալ աստղաբաշխական ինչ-որ գումարի փոխանցման վերաբերյալ:
Հսկիչը հայտնվեց: Դեմքին անփոփոխ տպված հանդիսավոր և խիստ արտահայտությամբ ստուգեց տոմսերը և մոտեցավ մեզ: Սեղանին դրված հեռախոսը տեսնելով, արտահայտությունն անմիջապես փոխվեց: Գրեթե խոնարհվելով տոմսն առավ, քծնալի ժպիտով դակեց և, երկուսիս բարի ճանապարհ մաղթելով, հեռացավ:
Ժան-Միշելը, հերթական օտարալեզու զանգից հետո, ասես ինչ-որ բան հիշեց և, կտրուկ շարժումով բաճկոնի թևքը հեռացնելով, ժամացույցը նայեց (ոսկյա «Ռոլեքս», գինն առնվազն մի երկու հարյուր հազար ֆրանկ): Հետո դարձավ ինձ.
-Ես գնում եմ մի կտոր բան ուտեմ: Ի՞նչ բերեմ Ձեզ համար:
-Օ՜, շնորհակալ եմ, շատ սիրալիր եք: Ոչինչ պետք չէ, մի անհանգստացեք:
Օգտվելով հաստատված լռությունից, ես շարունակեցի տեքստս կրկնել և կարողացա գոնե մեկ անգամ ծայրեծայր անցնել: Մոտ կես ժամ անց սիրալիր հարևանս վերադարձավ և առջևս դրեց հանքային ջրի կեսլիտրանոց շիշն ու մի տուփ թխվածք:
-Որոշեցի, այնուամենայնիվ, սրանք բերել: Կարծում եմ, դեմ չեք լինի:
Հետո հայացքը հառեց առջևս փռված էջերին և հարցրեց.
-Կներեք, սա ի՞նչ լեզվով է:
Ես համառոտ ներկայացրի, որ սա հայերեն մենախոսություն է` չորրորդ դարի Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, մեր հերոսական թագուհու մասին: Ասացի նաև, որ այսօր երեկոյան ժամը ութին այս տեքստը պիտի խաղամ Մարսելի հայկական եկեղեցու սրահում:
-Օ՜, շատ կուզեի գալ, բայց, ափսոս, կարևոր ժամադրություն ունեմ: Համենայն դեպս, հաջողություն եմ մաղթում Ձեզ:


Ժան-Միշելը հեռախոսն առավ և նրբանկատորեն հեռացավ դեպի վագոնի վերջին նստարանը, որպեսզի ինձ չխանգարի: Այնուհանդերձ, ես նրան լսում էի: Ոչ միայն, որ հեռավորությունը չնչին էր, և յուրաքանչյուր բառը հստակ հասնում էր ինձ, ոչ միայն, որ այլևս չէի կարող կենտրոնանալ տեքստիս վրա, այլև որ ցանկանում էի նրան լսել: Ես փաստեցի, որ այս տղան լրջորեն հետաքրքրում է ինձ: Մաս-նա-գի-տո-րեն: Ես ոչ թե նրան ականջ էի դնում բամբասասեր հարևանուհու պես, որպեսզի նրա «գաղտնիքներն» իմանամ, այլ որպես հանդիսատես: Այո, այո, ես դարձել էի նրա հանդիսատեսը, նա գրավել էր ինձ` ստիպելով կլանված հետևել յուրաքանչյուր բառին, արտասանելու կերպին, ձայնի ելևէջին, ձեռքի շարժումներին… Պակասում էին միայն երաժշտությունը և տեքստին համապատասխան աղմուկները: Սակայն դրանց բացակայությունը կարծես լրացնում էր արագընթաց TGV-ի ռիթմիկ ձայնը:


Նրա ամեն մի զանգն առանձին սյուժե էր, կյանքի հետաքրքիր մի դրվագ, որ ներկայացնում էր ոչ միայն զանգողին, այլև ենթադրյալ զրուցակցին: Այո՛, հատկապես հետաքրքիր էր վերջինը: Ժան-Միշելը հրաշալի «խաղում» էր նաև այդ դերը, ամեն անգամ մի քանի բառով և կարճ նախադասություններով ներկայացնում մի նոր և աներևույթ կերպար: Սա ոչ այլ ինչ էր, եթե ոչ վարպետորեն կատարված մի մենաներկայացում:
Զանգերը հաջորդում էին իրար. աղջիկներ, կանայք… մի երկուսին գրեթե սեր խոստովանեց… ընկերներին զանգեց… նշանավոր մի նկարչի հետ զրուցեց… հարցրեց, թե երբ է նոր ցուցահանդեսի բացումը… խոսեց ինչ-որ կտավի մասին, որը շատ կուզեր ունենալ… պատրաստ է ուզած գինը վճարելու… ինչ-որ նախարարի հետ ժամադրվեց… հարևանին զանգեց… հարցրեց, թե Տարզանը շատ չի՞ անհանգստացնում… ամենայն հավանականությամբ, խոսքը շան մասին էր:
ՈՒրեմն, մենակ է ապրում և ուղևորությունների ժամանակ շանը թողնում է հարևանի մոտ:
Հաջորդում էին կարճատև ընդմիջումները, որոնց ընթացքում ինչ-որ նշումներ էր անում օրատետրի մեջ: Հետո նորից զանգում, զանգում, զանգում…


Հանկարծ մի բան ինձ զարմացրեց. ես փաստեցի, որ այս ընթացքում ոչ ոք նրան չզանգեց: Ինքն էր միայն զանգողը: Գուցե համարը չունեն: Հազիվ թե: Ավելի հավանական էր, որ այդ օրերին սովորական հեռախոսից ձեռքի վրա զանգելը անչափ թանկ էր, և ամեն մարդ չէր կարող իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ: Ահա թե ինչու շարունակ ինքն է զանգում մյուսներին, որպեսզի ծախսի տակ չգցի նրանց: Այս բացատրությունն ինձ միակ հավանականը թվաց: Ինչպիսի՜ սիրալիրություն:
Ժան-Միշելը գնալով ինձ ավելի խորհրդավոր և… հրապուրիչ էր թվում: Իսկապես, ո՞վ է այս տղան: Ամեն ինչից երևում էր, որ հասարակ մեկը չէ: Ոչ միայն հեռախոսը և առաջին կարգով ուղևորվելու փաստը, այլև ուրիշ շատ բաներ վկայում էին, որ ունևոր, գուցե և հարուստ ընտանիքի զավակ է, զարգացած, ամենայն հավանականությամբ, համալսարանավարտ, նուրբ ճաշակի տեր, գիտի ում հետ ինչպես խոսել, գրավիչ արտաքին ունի, նույնիսկ գեղեցիկ է, սիրալիր, կնամեծար, գործունյա, ձեռներեց, գուցե - ազնվական ծագում ունի… այո, շարժուձևից նկատվում է… մի խոսքով, ուզած կինը կերազեր այսպիսի ամուսին ունենալ, բայց ինչպես երևում է, դեռ մենակ է, մանավանդ մատին էլ մատանի չկա… գուցե ամուսնալուծված է… ինչ իմանաս…


Եվ այսպես, մոտենում էինք Մարսելին, երբ հանկարծ հուսահատ մի ճիչ լսվեց իմ թիկունքից: Շրջվեցի և տարիքով մի կնոջ տեսա, որ նյարդային շարժումներով փորձում էր կողքին նստած տղամարդու փողկապն արձակել և շապիկի կոճակները բացել: «Օգնեցե՜ք,- գոռաց կինը:- Բժիշկ կա՞ այստեղ… Շու՛տ, բժիշկ կանչեք… Ամուսինս վատ է…»:
Ամուսինը` նույնպես տարիքավոր, աչքերը փակ, անուժ փռվել էր աթոռին և երևում էր, որ հազիվ է շնչում: Ամենայն հավանականությամբ, սրտի խնդիրներ ուներ: Շտապեցի մոտենալ և ինչ-որ կերպ օգնել: Մեկ ուրիշն էլ թաց անձեռոց դրեց հիվանդի ճակատին:
-Պետք է անպայման շտապ օգնություն կանչել, - վճռական ասաց ուղևորներից մեկը:- Մանավանդ որ արդեն հասնում ենք Մարսել:
Հետո հայացքով փնտրեց Ժան-Միշելին, որ կանգնած էր քիչ հեռվում.
-Երիտասարդ, խնդրում եմ զանգեք շտապ օգնություն և ասեք, որ անհապաղ մոտենան կառամատույցին… առաջին կարգի վագոնին:
Ժան-Միշելը, հեռախոսը ձեռքին, շվարած կանգնել էր և բնավ չէր շտապում կատարել հանձնարարությունը:
-Ժամանակ մի՛ կորցրեք, պարոն, զանգեք 15, ամեն րոպեն թանկ է:
Մի պահ լռելուց հետո, Ժան-Միշելը, մի տեսակ խեղճացած, վերջապես պատասխանեց .
-Չեմ կարող:
Բոլորն ապշած նայեցին նրան:
-Չեք կարո՞ղ, թե՞ չեք ուզում,- հեգնական ժպիտը դեմքին հարցրեց տղամարդը:
-ՈՒզում եմ, շա՜տ եմ ուզում… բայց չեմ կարող, կներեք:
-Սակայն մինչև հիմա կարողանում էիք: ՈՒր ասես զանգեցիք: Ինչու՞ հիմա չեք կարող:
-Որովհետև քարտ չունեմ, դեռևս բաժանորդ չեմ… Հեռախոսն այսօր առավոտյան վերցրի… Դեռ չեմ հասցրել… Կներեք… Ժամանակ չեղավ…
Նա հազիվ էր խոսում: Հայացքը հառել էր գետնին, ասես արդարանում էր: Ասես մեղքն իրենն էր, որ տարիքով տղամարդը վատ զգաց, ասես ուրիշ հանցանք էլ էր գործել, որի համար նույնպես պիտի պատասխան տար բոլորի առջև:
-ՈՒրեմն մի քանի ժամ այստեղ զբաղված էիք դատարկախոսությա՞մբ: Ասացեք, խնդրեմ, Դուք լու՞րջ մարդ եք:
-Ոչ…, - պատասխանեց Ժան-Միշելը:
-Հանգիստ թողեք տղային,- բավական առույգ ձայնով հանկարծ միջամտեց հիվանդը: - Ես արդեն լավ եմ, շատ լավ և ո՛չ մի շտապ օգնության կարիք չունեմ:
-Այո, հանգիստ թողեք,- ասացի ես:- Ոչ ոք չի տուժել, ոչ ոք չի վնասվել… Ամեն ինչ կարգին է…
Ժան-Միշելը գլուխը բարձրացրեց և երախտագիտությամբ նայեց ինձ:
Մարսել հասանք: Նա օգնեց ճամպրուկս իջեցնել: Կառամատույցում դիմավորողները սպասում էին ինձ: Հրաժեշտից առաջ ջերմորեն ողջագուրվեց և ասաց.
-Ափսո՜ս, որ չեմ կարող գալ ձեր ներկայացմանը… Շատ կուզեի… Բայց անպայման կաղոթեմ ձեզ համար, որ հաջող անցնի:
-Հասկանում եմ,- պատասխանեցի:- Կարևոր ժամադրություն ունեք:
-Ոչ մի ժամադրություն էլ չկա, պարզապես չեմ կարող: Ափսո՜ս…

Ներկայացումն իսկապես հրաշալի անցավ: Ժան-Միշելը հավանաբար աղոթեց ինձ համար, և Աստված լսեց նրան: Խաղացի մի շնչով: Երբեք այդպես ոգևորված չէի եղել: Ծափերը չէին դադարում: Երբ արդեն պատրաստվում էի հեռանալ, ծաղկի խանութի համազգեստով մի երիտասարդ մոտեցավ բեմառաջքին և վարդերի մի շքեղ փունջ հանձնեց ինձ: Ծաղկեփնջի մեջ մի փոքրիկ ուղղանկյուն ստվարաթուղթ կար` վրան ընդամենը մեկ նախադասությամբ. «Շնորհավորում եմ: Այսօրվա ճամփորդության ձեր ուղեկցի կողմից»:
Եվ ուրիշ ոչինչ: Ո՛չ անուն, ո՛չ հասցե, ո՛չ էլ հեռախոս:

Դիտվել է՝ 62620

Մեկնաբանություններ