«Փաստը» գրում է. «Դեռ քարոզարշավը չսկսված՝ նույն կուսակցության տարածքային ցուցակների թեկնածուները սկսել են դաժան պայքար մղել միմյանց դեմ: Ծանր է վիճակը «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների պարագայում: Օրինակ, թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Քանաքեռ–Զեյթուն, Նոր Նորք և Ավան համայնքները, դաշինքն առաջադրել է 13 թեկնածու:
«Փաստի» տեղեկություններով, նրանցից մեկի՝ Կարեն Չիլինգարյանի հորեղբայրը «Իմ քայլը» դաշինքի տարածքային շտաբի պետն է ու իր ողջ ջանքերը ուղղում է բացառապես եղբոր որդու համար ձայներ ապահովելուն, չնայած որպես շտաբի պետ, պատասխանատու է ռեյտինգային բոլոր թեկնածուների ու ընդհանրապես դաշինքի քարոզչության ու քվեների համար: Միևնույն ժամանակ նույն այդ տարածքում առաջադրված մեկ այլ թեկնածու՝ սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանը, իր մրցակից-ցուցակակիցներին հասկացրել է, որ ինքն ունի Նիկոլ Փաշինյանի «դաբրոն», ուստի մյուսները թող շատ «պատեպատ չտան» իրենց»: