ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ նախագահը աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիային

ԱՄՆ նախագահը աջակցություն է հայտնել Սաուդյան Արաբիային
22.11.2018 | 10:26

«Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության պատճառով ամերիկյան իշխանությունները չեն պատրաստվում հարվածի տակ դնել համաշխարհային տնտեսությունը». երեքշաբթի օրը Վաշինգտոնում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` մեկնաբանելով Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցների սահմանման հավանականությունը: «Սաուդցիները հարյուր միլիարդավոր դոլարների ամերիկյան արտադրանք են ձեռք բերում: Եթե ես ասեմ, որ չեմ ցանկանում բիզնես ծավալել սաուդցիների հետ, նրանք սպառազինությունն ու արդյունաբերական ապրանքները կգնեն Չինաստանից և Ռուսաստանից: Այդ երկրները շատ ուրախ կլինեն: Սաուդյան Արաբիան մեզ հետ մեծածավալ առևտուր է ծավալել, մեզ օգնում է ցածր մակարդակի վրա պահել նավթի գները, որ դրանք չհասնեն մեկ բարելի դիմաց 100 կամ նույնիսկ 150 դոլար ցուցանիշի: Ես չեմ պատրաստվում ավերել համաշխարհային կամ ամերիկյան տնտեսությունը Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններում հիմար քայլերի դիմելով», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:


Անդրադառնալով Կենտրոնական հետախուզական վարչության՝ օրերս հարապարակած զեկույցին, որի համաձայն Ջամալ Հաշոգիի սպանությունը կարող էր պատվիրած լինել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի կողմից` Թրամփը նշել է, թե ամերիկացի հետախույզների պատրաստած փաստաթղթում որևէ հստակ պնդում չի նկատել: «ԿՀՎ-ն որևէ հստակ հետևության չի հանգում: Նրանք գրում են, թե հնարավոր է, որ Մոհամադ Բին Սալմանը արել է դա, հնարավոր է, որ չի արել: Որևէ գնահատական չկա: ԿՀՎ-ն ուսումնասիրել է փաստերը և հստակ հետևության չի հանգել: Ամեն դեպքում մենք Սաուդյան Արաբիայի կողքին ենք», - հայտարարել է Թրամփը:


ԱՄՆ նախագահի այս հայտարարությունները հնչեցնելու պահին Պետքարտուղարության շենքում Հաշոգիի սպանության շուրջ ստեղծված կացությունն էին քննարկում Միացյալ Նահանգների և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսությունների ղեկավարները: Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոն է ժամանել նախևառաջ սաուդյան խնդիրը ամերիկացի գործընկերների հետ քննարկելու նպատակով: «Նախագահ Թրամփը սպանության առթիվ հայտարարությամբ է հանդես եկել: Մենք մեր հերթին ամերիկացիների հետ կիսել ենք հետաքննության մանրամասները: Այդ գործընթացը պետք է շարունակվի: Թուրքիան ցանկանում է լույս սփռել կատարվածի վրա: Մի շարք հարցեր, սակայն, շարունակում են անպատասխան մնալ: Ո՞վքեր են կանգնած Հաշոգիի սպանության թիկունքում: Ո՞վ է արձակել սպանության հրամանը: Մենք համոզված ենք, որ այդ մարդիկ ինքնագլուխ չեն եկել Թուրքիա՝ սպանություն կատարելու նպատակով», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Չավուշօղլույի հետ բանակցությունների ավարտին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ընդգծել է, որ Վաշինգտոնի և Էր Ռիադի հարաբերությունների բնույթը լուրջ փոփոխությունների չի ենթարկվի․ «Դա նախագահի և Պետդեպարտամենտի պարտականությունն է` այնպիսի քաղաքականություն վարել, որը կապահովի ԱՄՆ ազգային անվտանգությունը: Ինչպես այսօր նշել է նախագահը, մենք շարունակելու ենք դիտարկել Սաուդյան Արաբիայի թագավորությունը որպես մեր կարևոր գործընկեր: Սա պատմական մի հանձնառություն է, որը կենսական նշանակություն ունի Ամերիկայի ազգային անվտանգության համար»:

Դիտվել է՝ 451

Մեկնաբանություններ