Բյուջեին կողմ քվեարկելու մասին հայտարարել են ԱԺ բոլոր խմբակցությունները, չնայած վերապահումներին։ Աժ-ն երեկ քննարկեց 2019-ի բյուջեի նախագիծը։ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի փոխանցմամբ պատգամավորներից ստացվել է 146 առաջարկ։ Արդյունքում բյուջեի նախագծի ծախսային մասը ավելացել է 5,9 մլրդ դրամով և կազմել 1 տրիլիոն 648 մլրդ դրամ։
«Բացատրվում է այս փոփոխությունը երկու խոշոր բաղադրիչով։ Առաջինը գիտության ծրագրերին վերաբերող ավելացված արժեքի հարկի հնարավոր անհրաժեշտությունը հաշվի առնելով լրացուցիչ շուրջ 2,5 միլիարդ դրամի նախատեսումն է, երկրորդը պայմանավորված է ոստիկանության կողմից արտաբյուջետային մուտքերի գնահատականի վերանայմամբ, որը հնարավորություն է ընձեռել լրացուցիչ 2,5 միլիարդ դրամ նախատեսել թե եկամտային, և թե ծախսային մասում», - մանրամասնեց Ատոմ Ջանջուղազյանը։
Քվեարկությունը կանցկացվի այսօր` մի շարք այլ հարցերի, այդ թվում վարկային համաձայնագրի հետ։ Հայաստանի և Ասիական բանկի միջև նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրով բյուջետային աջակցության համար ներգրավվում է 50 մլն դոլար վարկ՝ 15 տարի ժամկետով, որից երեքը արտոնյալ։