Նախագահ Արմեն Սարգսյանը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Երեխաների համաշխարհային օրվան նվիրված հանդիպմանը՝ միանալով ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ երեխաների ձայնը լսելի դարձնելու համաշխարհային նախաձեռնությանը: Տարբեր կրթական հաստատություններ ներկայացնող երեխաները հնչեցրել են իրենց հուզող ամենատարբեր խնդիրները, որ վերաբերել են իրենց իրավունքները լսելի դարձնելուն, կրթական համակարգի փոփոխության անհրաժեշտությանը, գլոբալ հարցերի՝ 21-րդ դարի հմտություններին, հօգուտ ապագայի արվող ներդրումներին և այլ թեմաների: Երեխաների հարցերին իր անդրադարձել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ շեշտելով, որ իր համար երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. «Երեխաները ոչ միայն մեր ամենաարժեքավոր քաղաքացիներն են, ոչ միայն այն անձինք են, ովքեր ապագայում հաջողության հասնելու հսկայական հնարավորություն ունեն, այլև նրանք սովորում են շատ արագ: Սովորելն ամենաարժեքավոր գործողություն է և, իմ սահմանմամբ, երիտասարդության չափանիշը»: Նախագահի բնորոշմամբ՝ իր համար երեխաներ չկան, կան անհատներ՝ անկախ տարիքից, և ծնողի դերը, կրթելուց բացի, երեխայի տաղանդը հայտնաբերելն է, քանի որ ոչ տաղանդավոր երեխաներ չեն լինում:
Անդրադառնալով բանախոս երեխաների բարձրացրած՝ կրթական համակարգին վերաբերող խնդիրներին՝ Արմեն Սարգսյանը նկատել է, որ բոլոր ժամանակներում, անգամ իր ուսանողության տարիներին, կրթական համակարգի փոփոխության հարցեր բարձրացվում էին: «Ուսուցչի դերը ոչ միայն կրթելն է, այլև կրթվելն ու երեխայի մեջ գտնելու այն տաղանդը, շնորհքը, որը երեխան ունի, ինչպես նաև աջակցել, որ այդ տաղանդը զարգանա: Սա է ուսուցչի դերը՝ մանկապարտեզում, դպրոցում, թե համալսարանում: Ձեզնից յուրաքանչյուրը ոչ միայն փայլուն ժողովրդի զավակ է, այլև ունի տաղանդ, որը մի օր կբացվի», - ընդգծել է նա՝ ավելացնելով, որ ուսուցիչն էլ իր հերթին իր հեղիանկության համար պետք է քրտնաջան աշխատի, որ վայելի աշակերտների հարգանքը: