Այն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միասին մասնակցեցին «Թուրքական հոսք» գազատարի ստորջրյա հատվածի կառուցման աշխատանքների ավարտն ազդարարող արարողությանը, ավելի շատ հատուկ ուղերձ էր Արևմուտքին, որի հետ հարաբերություններում երկու երկրներն էլ ծանր ժամանակներ են ապրում` գրում է թուրքական T24 կայքի ռուսաստանյան թղթակից Հաքան Աքսայը:
«Ռուս-թուրքական հարաբերություններ որպես այդպիսին չկան, կան Պուտին-Էրդողան հարաբերություններ», - նշել է լրագրողը: Նա գրում է, որ թեև այժմ ՌԴ-ի ու Թուրքիայի հարաբերությունները կարող են փայլուն թվալ, սակայն դրանցում դեռևս զգացվում է 3 տարի առաջ Սիրիայում ռուսական ինքնաթիռի խոցմանը հաջորդած քաղաքական ճգնաժամի հետքը:
Ռուս-թուրքական հարաբերություններում էներգետիկ ոլորտից մինչև զբոսաշրջություն ու առևտուր՝ գրեթե բոլոր ոլորտներում համագործակցությունն ու ընդհանուր հարաբերությունների ընթացքը կախված են Սիրիայի իրադարձություններից: