Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան համաձայնեցրել են հարաբերությունների համաձայնագրի նախագիծը, որը ճանապարհ է բացում բրեկզիտի պայմանագրի կնքման համար։ Քաղաքական արձանագրությունը, որ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան առևտուր կանեն, կհամագործակցեն անվտանգության և այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ համաձայնեցված է` հայտնում է Եվրոպական խորհուրդը:
«Այդ համագործակցությունը կկրի համապարփակ բնույթ և կներառի ազատ առևտրի գոտի, առավել սերտ համագործակցություն մի շարք ոլորտներում», - «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ ասվում է փաստաթղթի նախնական տարբերակում:
Տեքստում նաև նշվում է, որ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները բրեկզիտից հետո հիմնված կլինեն «ԵՄ միասնական շուկայի ամբողջականության, Միացյալ Թագավորության ներքին շուկայի նկատմամբ հարգանքի վրա»։ Կողմերն ընդունում են, որ զուգահեռ «Լոնդոնը կիրականացնի անկախ առևտրային քաղաքականություն»: