Իրանը իրականացնում է միջուկային գործարքի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, Թեհրանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների սահմանումից երկու շաբաթ անց հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ, ՄԱԳԱՏԷ):
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարել է Իրանի և գերտերությունների միջև 2015-ին կնքված գործարքից դուրս գալու մասին՝ որպես պատճառ նշելով այդ թվում Իրանի դերակատարությունը Սիրիայի և Եմենի պատերազմներում, Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը: Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան փորձում են կանխել համաձայնագրի ձախողումը, որի շրջանակում Թեհրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային ծրագիրը՝ միջազգային պատժամիջոցներից ազատվելու դիմաց: «Իրանը իրականացնում է միջուկային ոլորտի հետ կապված իր պարտավորությունները», - այսօր հայտարարել է ԱԷՄԳ ղեկավար Յուկիյա Ամանոն: