ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցից հետո քաղաքական-հասարակական շրջանակներում կրկին ակտիվացավ հայ-իրանական հարաբերությունների խնդիրը, մանավանդ Նիկոլ Փաշինյանի ու այլոց՝ հայ-իրանական սահմանի ենթադրյալ փակման մասին հայտարարություններից հետո։
«Անկեղծ ասած, չեմ կարծում, որ Բոլթոնը պայման է դրել հայ-իրանական սահմանը փակելու, որովհետև ինձ չի թվում՝ ինչ-որ մի երրորդ երկրի կողմից կոռեկտ կլինի նման բան առաջարկելը։ Մանավանդ որ ամերիկյան կողմում շատ լավ հասկանում են երկու երկրների հարաբերությունների խորության ծավալները, ինչպես նաև Իրանի կարևորությունը Հայաստանի համար, և՝ հակառակը»,- մեզ հետ զրույցում ասաց իրանագետ ԱՀԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության ու դրանից բխող անհանգստության մասին, քաղաքագետը նշեց.
«Փաշինյանի հայտարարությունն այլ համատեքստում էր, և պետք չէ դրան համատեքստից դուրս նայել։ Այդտեղ խոսքը կոնկրետ Իրանի սահմանը փակելու մասին չէր, խոսվում էր նաև Վրաստանի սահմանի և ընդանրապես՝ տարատեսակ մարտահրավերների մասին։ Դա ենթադրում է, որ այդ հայտարարությունը կոնկրետ կապված չէ Բոլթոնի այցի հետ։ Վարչապետի պաշտոնակատարը շատ լավ հասկանում է, թե Հայաստանի համար ինչ նշանակություն ունի Իրանը, և բոլորին պետք է պարզ լինի դա»։
«Իրանական կողմը հետաքրքիր ձևով է արձագանքել. այցից հետո Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հանդիպել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարի հետ, և նրան փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի շնորհակալական ուղերձն ու նշել հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի կարևորության մասին, հույս հայտնելով, որ այդ մակարդակը կպահպանվի նաև ապագայում։ Սա հայ-իրանական հարաբերությունների հետագա ընթացքը բնութագրող հստակ մեսիջ էր իրանական կողմից»,- խոսելով իրանական կողմի արձագանքի մասին, նկատեց Ահարոն Վարդանյանը։
Եզրափակելով զրույցը, քաղաքագետը հատուկ ընդգծեց.
«Հայ-իրանական սահմանի փակումը Հայաստանի համար ինքնասպանություն կլինի, մենք կհայտնվենք թուրքական կղզում, բոլոր կողմերից կշրջափակվենք թուրքերով, բացառությամբ Վրաստանի, բայց հաշվի առնելով վերջինիս կախվածությունը թուրքական երկրներից, մասնավորապես՝ մեր երկու հարևաններից, պարզ է դառնում, թե ինչ վտանգներ են սպառնում։ Դա բացառված տարբերակ է, այն նույնիսկ չպետք է քննարկման դրվի։ Հայ-իրանական հարաբերությունները կախված չեն կառավարություններից կամ ինչ-որ անձանց որոշումներից, դրանք հարաբերություններ են երկու ժողովուրդների միջև։ Կապ չունի՝ ով է իշխանության գլուխ կանգնած, սկսած 1990-ականներից մի քանի կառավարություններ են փոխվել, բայց հարաբերությունները զարգանում են ցայսօր, և վստահ եմ՝ շարունակվելու են»։
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ