Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ազգային մեծ ժողովում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։ «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա: Մենք գտնվում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլում. Մեր երկիրն աջակցում է երկկողմ բանակցություններին»,- նշել է նա։               
 

«Ես այսօր այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ այլ տեղ լինելու»

«Ես այսօր այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ այլ տեղ լինելու»
23.11.2018 | 02:33

Որքան շատ ժամանակ անցնի, այնքան չեն հավատալու, որ նա եղել է, թվալու է, թե ժողովուրդն է ստեղծել Մոնթե Ավոյի լեգենդը: Բայց նա նույնքան իրական է, սիրելի ու թանկ, որքան Արցախյան մեր հաղթանակը:


Արցախի պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, «Հայրենիքի համար» (ՀՀ), ԼՂՀ «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, հրապարակախոս, հնագետ, փոխգնդապետ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ծնվել է 1957 թ. նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռավորության վրա գտնվող Վայսելիա ավանում, որտեղ իրենց օջախն էին հիմնել Չառլզ և Զաբել Մելքոնյանները՝ հոգիներում հիշողությունը նախնիների, ովքեր ստիպված թողել էին իրենց բնօրրան Մարզվան ու Խարբերդի Խարաձոր գյուղերը և հասել հեռավոր Ամերիկա:


Եվրոպա և Հեռավոր Արևելք կատարած ճամփորդությունները մեծապես նպաստել են Մոնթեի աշխարհայացքի և որպես անհատականություն ձևավորմանը: 1978 թ. ավարտել է Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության ու հնագիտության բաժինը՝ բացառիկ ընդունակություների շնորհիվ 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում: ՈՒսումը շարունակելու նպատակով ընդունվել է Օքսֆորդի համալսարան, սակայն, նվիրվելով հայ նորագույն ազատագրական պայքարին, հրաժարվել է Օքսֆորդում ուսումը շարունակելու իր ձգտումից: 1978 թ. մարտի 15-ին մեկնում է Լիբանան՝ հայրենիքին մոտ լինելու և հայերեն սովորելու նպատակով: Նույն տարվա մայիսին մեկնում է Իրան՝ այդ երկրի հոծ հայկական համայնքի հետ ծանոթանալու համար: Վերստին մուտքի արտոնագիր ստանալու համար լինում է նաև Աֆղանստանում՝ այնտեղ մնալով 18 օր: Այնուհետև Իրանից վերադառնում է Լիբանան: Հայոց ճակատագրի չլուծված խնդիրը նրան մղում է 1980 թ. անդամագրվելու Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին: Այդ և հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքներն է կատարելագործում ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում: Ձեռք բերելով լրացուցիչ գիտելիքներ ու փորձ՝ հետագայում դառնում է ՀԱՀԳԲ-ի գլխավոր մարզողներից մեկը: Խոր տարաձայնությունների պատճառով 1983 թ. մի խումբ ընկերների հետ հեռանում է ՀԱՀԳԲ-ից և հիմնում «ՀԱՀԳԲ-հեղափոխական շարժում» կազմակերպությունը: 1985 թ. նոյեմբերին Մոնթեն երկրորդ անգամ ձերբակալվում է Փարիզում՝ հայկական պահանջատիրական բնույթի անլեգալ գործունեության ու դարձյալ կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով և մինչև 1989 թ. հունվարն անցկացնում Ֆրեն և Պուասի բանտերում: Ազատ արձակվելուց հետո, փաստաթղթեր չունենալու պատճառով, մինչև 1990 թ. անապահով կյանքով ապրում է տարբեր վայրերում՝ Եմենում, որտեղ նրան միանում է Սեդան, ապա՝ Կենտրոնական Եվրոպայում ու Հարավսլավիայում:


Վերջապես 1990 թ. հոկտեմբերին Մոնթեին հաջողվում է գալ Հայաստան: Մինչև 1991 թ. սեպտեմբերը կատարում է գիտական ու զինվորական աշխատանք: 1991 թ. սկզբին մի խումբ ընկերների հետ կազմավորում է «Հայրենասիրական» ջոկատը և Վազգեն Սարգսյանի ցուցումով մեկնում Հայաստանի սահմանամերձ շրջաններ: 1991 թ. սեպտեմբերին Ավո կեղծանվամբ մեկնում է Արցախի հյուսիսային դարպաս՝ Շահումյանի շրջան, մասնակցում Էրքեջ, Մանաշիդ, Բուզլուխ գյուղերի ազատագրական մարտերին: Այնուհետև Ղարաչինար գյւղում էր: Մինչև դեկտեմբերի վերջը մասնակցում է Շահումյանի շրջանի պաշտպանական ու գրավյալ գյուղերի ազատագրման գործողություններին, աչքի ընկնում մարտական կարողություններով ու հրամանատարական հմտությամբ:
1992 թ. փետրվարի 4-ին, երբ պատրաստվում էր մեկնելու Արցախ, ուղղաթիռի մոտից կանչում են հեռախոսի մոտ: Վազգեն Սարգսյանը հայտնում է, որ նա նշանակվել է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետ: Հենց նույն օրը մեկնում է նշանակման վայր: Մեկ ամիս անց արդեն գլխավորում էր շրջանի պաշտպանությունը: Այդ ժամանակ ամենից վատ Մարտունու շրջանն էր պաշտպանված: Չնայած խոչընդոտներին՝ Մոնթեին հաջողվում է կարճ ժամանակամիջոցում անջատ ջոկատներից կազմավորել բանակային կուռ համակարգ: Նրա հրամանատարության ժամանակամիջոցում ազատագրվում է Մարտունու շրջանի բռնազավթված տարածքի 80 %-ը:

ՖԵԼԻՔՍ ՊՈՂՈՍՅԱՆ (գնդապետ)
«Հիմա ինձ թվում է, թե այդ ամենը շատ վաղուց է եղել: Հրամանատար Մոնթեին բնորոշելիս առաջինը կնշեի՝ չի եղել օր, որ դիրքերում չլիներ: Առավոտից իրիկուն դիրքերում էր, երեկոյան գալիս էր շտաբ: Շատ զարմանալի էր, ոնց որ հոգնել չունենար: Վիճում էր, իր ասածը պնդում և իրագործում անհնարինը: Որտեղի՜ց էր այդ գիծը, չգիտեմ: Մեկ-մեկ այնպիսի բաներ էր ծրագրում, որ ապշում էինք, ասում էինք՝ հնարավոր չէ: Ստիպում էր, անում էինք, ու իր ասածով էր լինում, անհնարինը հնարավոր դարձնելն իր ֆենոմենով էր պայմանավորված: Օրհասական այդ օրերին մենք մտածում էինք մեր շրջանը պաշտպանելու մասին, իսկ Ավոն մեզ համար անհավանական ծրագրեր էր կազմում: Ես ներկա էի, որ մատիտը վերցրեց ու քարտեզի վրա մեր դիրքերից ուղիղ գիծ տարավ մինչև Հորադիզ, ու այդ գծով հակառակորդի գրաված ահագին տարածքներ մնացին մեր կողմում: Պատկերացրեք՝ հետո եղավ այնպես, ինչպես ինքն էր գծել»:
Մոնթե Մելքոնյանի մարտավարական հմտության և դիպուկ գործողությունների շորհիվ Մարտունին դարձավ անառիկ բերդ, և այդ տարիներին շրջանի պաշտոնական փաստաթղթերում հենց այդպես էլ գրվում էր՝ Մոնթեաբերդ: 1992 թ. ամռան ամենաթեժ օրերին, երբ Արցախի ճակատագիրը մնում էր անորոշ, Մոնթեն քարտեզի վրա գծում էր Արցախի սահմանները՝ նկատառելով այն տարածքները, որոնք հաջորդ տարվա ընթացքում գրեթե ամբողջությամբ անցան հայկական ուժերի վերահսկողության ներքո:
1992 թ. վերջերին Մարտունու պաշտպանական շրջանի մարտական հաջող գործողությունների շնորհիվ Արցախի պաշտպանական ուժերը հասան պետական սահման և 20 կմ երկարությամբ պահակակետեր հիմնեցին շրջանի հյուսիսային սահմանագծում:
1993 թ. մարտին Մոնթեն իր զորաջոկատով մասնակցեց Մարտակերտի շրջանի ազատագրմանը, իսկ մարտի վերջերին ու ապրիլի սկզբին ղեկավարեց Քարվաճառի ազատագրման գործողությունը՝ Արցախի կողմից: 1993 թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը անխոնջ հրամանատարի ղեկավարությամբ իրականացվեց Քարվաճառի շրջանում տեղաբաշխված թշնամու ռազմակայանների ոչնչացման գործողությունը: Ապրիլի 4-ին Մոնթեն նոր էր վերադարձել Քարվաճառից, երբ լույս 5-ի գիշերը Մաճկալաշենին մոտիկ Խազազի բարձունքի և Գևորգավանից ոչ հեռու՝ Կզլկայա բլրի դիրքերից երկու օր առաջ հետ շպրտված հակառակորդը նույն ուղղությամբ հակագրոհ սկսեց, և Մոնթեն, որ երկու ժամ էլ չէր քնել, ղեկավարեց գրոհը հետ մղելու գործողությունն ու ոչնչացրեց հակառակորդին:

ՀՄԱՅԱԿ ՀԱՐՈՅԱՆ (գեներալ- մայոր, Մոնթեի մտերիմ զինակից)
«Մարդ պետք է մի քիչ ազնիվ լինի»-ի փոխարեն մարտունեցիներն ասում էին. «Մարդ պետք է մի քիչ Ավո լինի»: Մոնթեն այն զարմանալի մարդն էր, որից անհնար էր չազդվել, չվարակվել նրա պայծառությամբ, հավատով, նվիրումով: Մարտունեցիները կռիվներում թրծվել էին, արդեն թողնում էինք, որ հակառակորդը հասնի մեր դիրքերը, որտեղ մեզ համար ավելի դյուրին էր նրանց ոչնչացնելը: Ե՛վ Մոնթեի, և՛ իմ վարկը մարտունեցիների աչքում բարձրացել էր: Մեր հանդեպ ժողովրդի հավատը մեծ էր: Այդ դժվարին իրավիճակներում ռազմական գործողություններից բացի զբաղվում էինք ժողովրդին հուզող ամենատարբեր խնդիրների լուծմամբ, որովհետև շրջանում, փաստորեն, ուրիշ ղեկավարություն չկար: 1992 թ. վերջին Մարտունու պաշտպանական շրջանի գնդի անվանացուցակներում 4000-ից ավելի մարդ էր ընդգրկված: Իհարկե, բոլորը զինապարտ չէին, 16-ից 60 տարեկաններ էին: Ով ինչ կարողանում էր, անում էր, թիկունքում էին, ինժեներական դիրքերում, ամրություններ էին կառուցում, նորոգում զինտեխնիկան, մասնակցում պաշտպանությանը, հարձակվող խմբերում էին, մի խոսքով, Մարտունին դարձել էր իսկական ռազմական ճամբար: Մարտունեցիները իրենց հրամանատար Ավոյին արժանի կռվողներ էին: Մարտունու ժողովրդին բնորոշ են տոկունությունն ու խիզախությունը. անձրևն ու կայծակը մի ծայրից խփում, տարածվում էին ամբողջ ավանի երկնքում, մարդիկ չէին թաքնվում, չէին պահվում, անտեսում, արհամարհում էին վտանգը»:
1993 թ. մայիսին Մոնթեն Լաչինում էր: Զինակիցների հետ հետախուզեց Լաչինից Ղուբաթլու ձգվող սահմանային գոտին: Ծրագրել էր Ղուբաթլուի ազատագրման գործողությունը, որն անմիջապես չիրականացվեց արտաքին քաղաքական նկատառումներով: Վերադարձավ Մարտունի, զբաղվեց Աղդամի շրջանի կրակակետերի լռեցման և այդ շրջանի ազատագրման ծրագրի իրականացմամբ:
...1993 թ. հունիսի 12-ին Մոնթեն առաջին անգամ անձամբ չէր մասնակցում մարտին, այլ Աշանից ներքև գտնվող Մոթ սարի «08» դիտակետից ղեկավարում էր Աղդամի մատույցներում թշնամու կրակակետերի ոչնչացման գործողությունը: Մարտերից հետո զինակիցների հետ իջավ դիտակետից՝ դիրքերի վիճակն ստուգելու: Մարզիլու գյուղի ծայրին անսպասելիորեն հանդիպեցին հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային:

ԿՈՄԻՏԱՍ ԱՎԱՆԵՍՅԱՆ (Մոնթե Մելքոնյանի թիկնապահ և վարորդ)
«Դարպասի դիմաց մի ԲՄՊ-1 էր կանգնած, մոտն էլ՝ մարդիկ, զինվորներ: Հենց ուղիղ ԲՄՊ-ի դիմաց կանգնեցրի մեքենան: Ճանապարհից մինչև այդ ԲՄՊ-ն 20 մետր էր: Լրիվ ցրված՝ ուշադրություն չէինք դարձնում, թե ովքե՞ր են, ի՞նչ են անում: Որ հավասարվեցինք, Մոնթեն ասաց. «Ասոնք ի՞նչ կընեն այստեղ»: Նկատեցինք, որ մերոնք չեն: Գոռացի. «Ավո, թուրքեր են»: Մեքենայից բոլորս իջանք, ու սկսեցինք կրակել նրանց վրա: Ես, օրինակ, գետնին պառկած շատ թուրքեր էի նկատել, դրանց վրա էի կրակում: Իմ կարծիքով՝ մերոնք բոլորն էլ սկզբում դրանց վրա էին կրակում: Հետո անձնակազմը մտավ ԲՄՊ-ի լյուկերի մեջ ու կրակեց, խփեց, բայց ոչ մի տեղ չկպավ: Մենք սկսեցինք վազել: Արդեն գրեթե պատի անկյունն անցել էինք, որ ԲՄՊ-ն խփեց ուղիղ պատի անկյան վրա ու պայթեցրեց, ինձ կողքի վրա շպրտեց ոնց որ, բայց բան չզգացի: Շրջվեցի, տեսա՝ մեր «Վիլիսից» 10 մետր հեռու, ճանապարհի հենց մեջտեղում Մոնթեն ընկած է: Դեպի իրեն երկու քայլ վազեցի, ոտքս ծալվեց, ընկա, տեսա՝ ոտքս արյունոտվել է: Այդտեղից բարձրացա ճանապարհի մոտ, տեսա Մոնթեն ընկած է, չի շարժվում: Կանչեցի. «Հովի՜կ, արի, տես՝ Մոնթեին ի՞նչ է պատահել»: Հովիկը վազելով եկավ, գլուխը բռնեց ու գոռաց. «Մոնթեն չկա...»: ԲՄՊ-1-ը շարժիչը միացրեց ու փախավ»:
Մոնթեն զոհվել էր զրահամեքենայի արկի՝ աջ քունքը մխրճված փոքրիկ բեկորից: 1993 թ. հունիսի 19-ին նրա աճյունն ամփոփվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Հունիսի 12-ի առճակատ այդ կռվում զոհված 11 ադրբեջանցիների հետմահու շնորհվեց Ադրբեջանի ազգային հերոսի կոչում:
Այսպես Մոնթեն, Սփյուռքից եկած մի հայորդի, իր ոգեղեն սիրով կարողացավ համախմբել մարտունեցիներին և հաղթել զորքով ու զենքով տասնապատիկ առավել թշնամուն, հետ շպրտել նրան սահմանից էլ անդին և հաղթանակի ոգին փոխանցել մյուս շրջաններին, իր՝ քարտեզի վրա գծած սահմանները դարձնել իրողություն: Եվ ծնունդ առավ Մոնթեի մասին իրական լեգենդը... Նա սահմանի մշտարթուն պահապանն է, զինվորին քաջալերողն ու խիզախության մղողը: Մոնթեի ոգին այսօր էլ մեզ արդարության, բարության, ազնվության, հայրենիքի հանդեպ անանց սիրո դասեր է տալիս:


Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 7421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ