«Փաստը» գրում է, որ «Իմ քայլը» դաշինքը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը տեղերում անցկացնելու է խիստ համամասնական սկզբունքով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար չափազանց անկարևոր է, թե տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուներից ով ինչքան ձայն կհավաքի. առաջնայինը դաշինքի ստացած տոկոսներն են: «Մյուս կողմից, նա հիանալի գիտակցում է, որ նշյալ թեկնածուների գերակշիռ մեծամասնությունը ինքնուրույն հազիվ թե շոշափելի քվեներ ստանա, իսկ դա կարող է մեծապես նվազեցնել դաշինքի ստացած տոկոսները, և որ իրենց հաջողության միակ գրավականը իր անձն է: Ուստի հրահանգված է բոլորին՝ իրենց քարոզարշավն անցկացնել բացառապես Նիկոլ Փաշինյանի անվան միջոցով: Մեխանիզմը հետևյալն է. ընտրողներին ուղղակի տեղեկացնել, որ «Նիկոլի քվեաթերթիկը» թիվ այսինչն է, միայն դրանից հետո հավելել, որ երկրորդ էջում նշումի տեղ կա, եթե նեղություն չէ, մի նշան դրեք այնտեղ այս կամ այն թեկնածուի օգտին: Ավելին` դաշինքի կենտրոնական շտաբում հետևելու են բոլոր թեկնածուների ամեն մի քայլին, ամեն մի շարժին, ամեն մի խոսքին: Տարածքային թեկնածուներին նաև հրահանգված է նախընտրական քարոզչական բուկլետների մեջ անպայման զետեղել Նիկոլ Փաշինյանի նկարը, եթե ոչ առաջին էջում՝ թեկնածուի նկարի հետ, առնվազն հաջորդ իսկ էջի ամենավերևում», - գրել է թերթը: