Անկարան քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ նաև՝ Հաշոգիի սպանության հարցում: «Թուրքիայի համար էլ Սաուդյան Արաբիան կարևոր երկիր է, մենք լավ հարաբերություններ ունենք, բայց «ինչ էլ պատահի, աչքերս կփակեմ» Թրամփի մոտեցումը սխալ է, ամեն ինչ չէ փողով է որոշվում», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն CNN Turk-ին հարցազրույցում: Նա համոզված է, որ Հաշոգիի սպանությունը ոչ թե ինչ-որ հանգամանքների պատահական զուգադիպություն էր, այլ նախապես ու մանրամասն ծրագրված գործողություն և սպանության լիակատար բացահայտմանը կնպաստի միջագային հետաքննությունը, քանի որ սաուդցիները թուրքական կողմին տեղեկություն չեն փոխանցում:
Երեքշաբթի օրը Դոնալդ Թրամփն ասել է, թե ինքն ընդամենը հավատարիմ է մնում «Նախևառաջ Ամերիկան» կարգախոսին, քանի որ շահավետ պայմանագրերի չեղարկման դեպքում Սաուդյան Արաբիան զենք կգնի ուրիշ արտադրողներից, իսկ նավթի գինն աննախադեպ թռիչք կգրանցի: «Նրանք հարյուր միլիարդավոր դոլարների ապրանք են գնում մեր երկրից: Եթե ես հրաժարվեմ այդ բիզնեսից, նրանք զենք ու զինամթերք կգնեն Ռուսաստանից ու Չինաստանից, և ռուսներն ու չինացիները միայն երջանիկ կլինեն մեր ու Սաուդյան Արաբիայի առևտրի սահմանափակումից, քանի որ հենց հիմա մենք առևտրում շատ պինդ ենք Չինաստանի և Ռուսաստանի համեմատությամբ», - ասել է Թրամփը:
Ուստի ԱՄՆ-ը, ըստ նախագահի, կմնա Սաուդյան Արաբիայի վստահելի գործընկերը: Միաժամանակ, նա նկատել է, որ «Հաշոգիի սպանության գործում կան հարցեր, որոնց պատասխանները գուցե երբեք չեն տրվի»: Թրամփը պատրաստ է քննարկել Սաուդյան Արաբիայի նկատմամբ ԱՄՆ Կոնգրեսի առաջարկած պատժամիջոցները, պայմանով, որ չեն վնասի ԱՄՆ-ի շահերին: Մինչդեռ սաուդցիները փորձում են հնարավորինս վերականգնել Հաշոգիի սպանության հետևանքով միջազգային ասպարեզում աննախադեպ անկում գրանցած վարկանիշը և մեղմել հարաբերություններն այլ երկրների հետ:
Չավուշօղլուն այսօր ասել է, որ թագաժառանգ Մուհամադ Բին Սալմանը, որ, ըստ թուրք և ամերիկացի փորձագետների, լրագրողի սպանության առավել հավանական պատվիրատուն է, ցանկանում է նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ զրուցել Արգենտինայում, որտեղ առաջիկայում նախատեսված է Մեծ քսանյակի հավաքը:
«Թագաժառանգը նախագահի հետ հեռախոսազրույցում ասել է, որ կցանկանար նրա հետ հանդիպել Բուենոս Այրեսում, ոչինչ չի կարող խոչընդոտել նման շփումները, բայց, իհարկե, վերջին խոսքը նախագահինն է», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: