Խորհրդարանական ընտրություններիցառաջ Հայաստանի տնտեսական հեռանկարի հարցը դարձավ ներքաղաքական բանավեճի առարկա, երբ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս սեպտեմբերին, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը գրանցեց 0.2 տոկոս անկում: Ճիշտ է, հոկտեմբերին իրավիճակը շտկվեց․նախորդ հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունը գրանցեց 3 տոկոսանոց աճ:
«Հեղափոխությունը չի կարող բացասաբար ազդել և տնտեսական ակտիվության ցուցանիշի, և ներդրումների վրա: Բայց դրա ազդեցությունը երկարաժամկետ պետք է դիտել: Ի՞նչ է բերել հեղափոխությունը․ բերել է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճան, շուկաներ մուտքի ավելի մեծ հնարավորություն, ավելի հավասար մրցակցություն: Սրանք այն գործոններն են, որոնք կարող են և պետք է ապահովեն ավելի բարենպաստ միջավայր ներդրումային որոշումներ կայացնելու համար: Իսկ դրանք միանգամից լուծումներ և արդյունքներ չեն տալիս: Այսինքն, այդպիսի միջավայրը նրա համար է, որ երկարաժամկետ առումով տնտեսական աճի ցուցանիշը լինի ավելի բարձր, տնտեսական աճը լինի ավելի կայուն, ստեղծվող արդյունքները բաժանվեն մասնակիցների միջև ավելի հավասարաչափ»:
Նախարարի պաշտոնակատարը լիահույս է, որ հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո, տնտեսական դրական զարգացումներն ավելի ակնառու կդառնան․ «Իրավիճակի կայունացումը, քաղաքական նոր փուլը, որ սկիզբ է առնելու խորհրդարանական ընտրություններին հաջորդող հնգամյակում, շատ լավ ժամանակահատված է, որ բոլոր սպասողները կայացնեն իրենց վերջնական որոշումները և սկսեն նոր ծրագրեր իրագործել»: