Առավոտից ստանում եմ ահազանգեր Երևանի տարբեր դպրոցներից, հատկապես՝ Կենտրոն և էրեբունի վարչական շրջանների դպրոցների աշխատակիցներից, որ Նիկոլ Փաշինյանի վաղվա երթի համար իրենց հորդորում են, խորհուրդ են տալիս, հավաքագրում են մասնակցության համար` ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ասում են, որ խրախուսվում է ձեր մասնակցությունը վաղվա երթին, ձեզ համար լավ կլինի, որ գաք, վաղը կոլեկտիվներով հավաքվեք, եկեք երթի»,- փոխանցեց նա իրեն հասցեագրված ահազանգերը և նշեց, որ ճշտել են, և այդ մարդիկ վերահաստատել են իրենց ինֆորմացիան, որ իշխանությունները մաքսիմալ քանակով մարդ են հավաքագրում:
Այսինքն՝ այսօրվա իշխանությունները կրկնում են այն աշխատաոճը, որում ժամանակին մեզ էին մեղադրում, վարչական լծակներից օգտվել չեն խորշում՝ դեռ ընտրարշավը չմեկնարկած»,- ասաց նա: Աշոտյանը հորդորեց ոլորտի պատասխանատուներին և Երևանի քաղաքապետին անհապաղ զբաղվել այս հարցով:
Նա նաև գիտնականներից նամակ է ստացել, որ ՀՀ-ի բոլոր ՊՈԱԿ-ների, գիտակրթական ուսհաստատությունների բանկային հաշիվները տեղափոխվելու են ՀՀ գանձապետական հաշիվ: «Սա մեծ հարված է հասցնելու գիտակրթական հիմնարկների ակադեմիական ազատություններին, այսինքն՝ գիտնականները և կրթությամբ զբաղվող մարդիկ մեծապես կախված են լինելու պետությունից, թե ֆինանսավորումը երբ ու ինչպես կհատկացվի»,- ասաց նա և նշեց, որ շատ գրանտային ծրագրեր ըստ այդմ կարող են չտրամադրել, քանի որ գումարները բացառապես գիտական կառույցներին են փոխանցվում: