ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը կտրականապես հերքում է վարչական ռեսուրսը չարաշահելու մեղադրանքը

Փաշինյանը կտրականապես հերքում է վարչական ռեսուրսը չարաշահելու մեղադրանքը
24.11.2018 | 14:08

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ընդունում քաղաքական ուժերի մեղադրանքը, թե ինքը ժամանակից շուտ նախընտրական քարոզչությամբ է զբաղվում՝ չարաշահելով վարչական ռեսուրսը։ ՀՀԿ-ն օրերս հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի ժամանակ Փաշինյանն ակնհայտորեն զբաղվել է նախընտրական քարոզչությամբ, ինչը, նախկին իշխանության պնդմամբ, միջազգայնորեն ընդունված չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման դրսևորում է: ՀՀԿ-ի տեսակետն ավելի ուշ կիսել էր ՀՅԴ-ն, իսկ «Մենք» դաշինքը մտահոգություն էր հայտնել։
Այս թեմայով լրագրողների հարցերին Փաշինյանը հարցով պատասխանեց՝ ի՞նչ անի վարչապետի պաշտոնակատարը, սենյակից դուրս չգա՞․ «Ցույց տվեք էդ միջազգային չափանիշները, հրապարակեք: Հարիք ա Հայաստանում խոսան ուղղակի առանց հիմնավորումների: Դուք ուզում ես ինձ արգելե՞ք, խախտո՞ւմ եմ ես նախընտրական քարոզչությունը․․․ Ես Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Հիմա ես չարաշահեցի՞ վարչական ռեսուրսը: ԱՄՆ ընտրական օրենսգրքով խախտեցի՞: Թող ներկայացնեն էդ չափանիշները»:


Հարցին, թե ինչու՞ է նոյեմբերի 24-ին երթ անում, այլ ոչ թե պաշտոնական քարոզարշավի մեկնարկի օրը՝ նոյեմբերի 26-ին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «ՀՀ որևէ քաղաքացի սահմանափակվա՞ծ ա որևէ օր որևէ երթ անելու համար․․․ Իսկ ամսի 17-ին որ հանրահավաք էինք անում, էդ ժամանակ խախտո՞ւմ էինք, թե՞ չէինք խախտում: Կամ որ գնացել եմ Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ, Տավուշի մարզ․․․ Հիմա էլ հարյուրերորդ օրը աշխատում եմ, ի՞նչ խնդիր կա»:
Վարչապետի պաշտոնակատարին լրագրողները նաև հարցրին, թե քանի՞ տոկոս է հավակնում հավաքել իր գլխավորած «Իմ քայլը» դաշինքը դեկտեմբերի 9-ին։ Փաշինյանը կատակեց՝ կա սոցիոլագիական հարցում, բայց արդյո՞ք դրա հրապարակումն այս պահին վարչական ռեսուրսի չարաշահում չէ. «Տրամադրությունների ուսումնասիրությունը մեզ ցույց է տալիս, որ ընտրությունների արդյունքները լինելու են այնպիսին, որ Հանրապետականը ասելու ա, որ վարչական ռեսուրսը չարաշահվել ա: Ով կմիանա նրանց՝ ազատ են բոլորը, կարող են միանալ»:
Ըստ Փաշինյանի, թե որ կուսակցությունը կգա իշխանության, իսկ որ մեկը կստանձնի ընդդիմության դերը՝ կորոշի ժողովուրդը: Այնուհետև հայտարարեց, որ եթե անգամ մի օր չլինեն իշխանության, նույն ժպիտով կքայլեն Երևանի փողոցներում և, հարկ եղած դեպքում, քարոզչություն կանեն։


Փաշինյանը նախընտրական քարոզչության շրջանում արձակուրդ չի գնալու։
Քարոզչությունը «Իմ քայլը» դաշինքը սկսելու է Շիրակի մարզից։ «Մեր փորձը ցույց է տալիս՝ ինչ սկսվում է Գյումրիից, հաջողությամբ է ավարտվում, բոլորին խորհուրդ եմ տալիս ամեն ինչ սկսել Գյումրիից», - խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ