ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հումորով է արձագանքել լրատվամիջոցներով Մոսկվային տարբեր պատճառներով մեղադրելու արևմտյան երկրների պրակտիկային: «Միջերկրածովյան շրջան. Հռոմեական երկխոսություն» համաժողովում ելույթ ունենալիս Լավրովն արևմտյան երկրներին մեղադրել է Ռուսաստանի հետ ուղիղ երկխոսություն չվարելու համար: Նա օրինակ է բերել Ֆինլանդիային ու Նորվեգիային, որ մեղադրել էին Ռուսաստանին ՆԱՏՕ-ի Trident Juncture զորավարժությունների ժամանակ GPS-ի աշխատանքին միջամտելու համար: ՌԴ նախարարը նշել է, որ քաղաքակիրթ մարդիկ անձամբ են մեղադրանքներ հնչեցնում, այլ ոչ լրատվամիջոցներով: «Եթե դուք խնդիրներ կամ կասկածներ ունեք ձեր կնոջ հանդեպ, դուք ուղիղ նրան եք հարցնում, այլ ոչ թե դիմում լրատվամիջոցներին»,- ասել է Լավրովը: Դահլիճում ներկաները ծիծաղով ու ծափերով են ողջունել Լավրովի համեմատությունը: