Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններին: Համաերևանյան քայլերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումները ինքնանպատակ չպետք է լինեն.
«Սահմանադրական բարեփոխումները պետք է լինեն ինչ-որ նպատակի հասնելու միջոց: Այնտեղ, որտեղ մեզ անհրաժեշտ լինի կիրառել այդ միջոցը, կկիրառենք նաև դա»: Հարցին՝ առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու դեպքում պատրաստվո՞ւմ է պահել կառավարման խորհրդարանական համակարգը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո, այս պահին ես դա փոխելու անհրաժեշտություն չեմ տեսնում»: Հարցին` նախկինում «Ելք» խմբակցությունը քննադատում էր գործող համակարգը՝ անվանելով սուպերվարչապետական, իսկ հիմա՞, Փաշինյանն ընդգծեց, որ արդեն ասել է, որ պետք է ձևավորվի իրական խորհրդարանական կառավարման համակարգ: Անդրադառնալով վարչապետի լիազորությունների կրճատման հարցին՝ Փաշինյանն ընդգծեց, որ վարչապետի և խորհրդարանի լիազորությունների հավասարակշռություն պետք է լինի, որ իշխանության կառուցվածքը չխարխլվի: