Կրեմլը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը անվանել է «վտանգավոր սադրանք»։ «Սա վտանգավոր սադրանք է, որը պետք է ուսումնասիրել, հարցը քննարկվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում», - հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը կոշտ կասեցնելու է իր ինքնիշխանության ու անվտանգության դեմ ուղղված ցանկացած քայլ: Կերչում տեղի ունեցածը սեփական բնակչության ուշադրությունն ընտրությունների նախօրեին շեղելու փորձ է», - ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում: Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ճգնաժամանը հաղթահարելու գործում Բեռլինը կարող է միջնորդ լինել Մոսկվայի և Կիևի միջև Նորմանդյան քառյակի ձևաչափի շրջանակում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է երկրում ռազմական դրություն հայտարարելու որոշում՝ ընդգծելով, թե որ դա պաշտպանական և ոչ հարձակողական քայլ է: Պորոշենկոն պահանջել է Ռուսաստանից անհապաղ ազատել ուկրաինացի ծովայիններին և ուկրաինական երեք նավերը։ Նա հայտարարել է, որ ակնկալում է արագ արձագանք Մոսկվայից։
Մոսկվան չի պատրաստվում ազատ արձակել ուկրաինացի ծովայիններին:
«Ռուսաստանի գործողությունները խախտում են միջազգային իրավունքի նորմերը», - «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է ծովային իրավունքի հարցերով փորձագետ Միխայիլ Վոյտենկոն։ Նրա խոսքով՝ ռուսաստանցի սահմանապահները խուճապի են մատնվել և համարժեք չեն արձագանքել։
Միջազգային հանրությունը մտահոգված է վերջին իրադարձություններով և զսպվածության ու իրավիճակը էլ ավելի չսրելու կոչեր է անում։ Բեռլինը մտահոգված է Կիևի և Մոսկվայի միջև միջադեպով։ Գերմանիայի ԱԳՆ-ն իրավիճակը վտանգավոր է որակում։ ԱԳՆ փոխնախարարը ասել է, որ դեռ չունի ամբողջական տեղեկատվություն կատարվածի վերաբերյալ, սակայն Ռուսաստանը պետք է ամբողջովին բացի Կերչի նեղուցը բոլոր նավերի, այդ թվում ուկրաինական նավերի համար։ Երկխոսության կոչ է արել Չինաստանը։ Բալթյան երկրներն ու Վրաստանը դատապարտել են Ռուսաստանին կատարվածի համար։ Կանադայի ԱԳՆ-ն պահանջել է, որ Ռուսաստանը արագ վերադարձնի ուկրաինական նավերն ու ուկրաինացի զինվորականներին։ Ռուսաստանը կատարվածի պատճառով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է պահանջել: Ուկրաինայի բոլոր ռազմական ուժերը բերվել են մարտական պատրաստվածության։ Ռուսական աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ի Boeing RC-135V օդանավը այսօր առավոտյան հետախուզական թռիչքներ է իրականացրել Ղրիմի մոտակայքում։
Կիրակի օրը Սև ծովում, Կերչի նեղուցում Ռուսաստանի ուժերը հարձակվել են ուկրաինական երեք ռազմական նավերի վրա: Ուկրաինական կողմը հայտարարում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կրակ են բացել, ինչի հետևանքով ուկրաինացի վեց զինվորական է վիրավորվել: Կերչի նեղուցն այս պահին փակ է:
Համացանցում երեկ տարածվել էր մի տեսագրություն, որում ռուսական նավերը հարձակվում են ուկրաինական նավի վրա: Կիևում Ռուսաստանի դեսպանության շենքի առջև երեկվանից ընթանում են բողոքի ակցիաներ, այրվել են ռուսական դիվանագիտական համարներով ավտոմեքենաներ: Մոսկվայում ամենուրեք խոսում են պատերազմի մասին, իսկ ազգային արժույթն արձանագրել է կտրուկ անկում, ԱՄՆ դոլարն այս պահին վաճառվում է 67 ռուբլով: