Հանրապետականը խորհրդարանական ընտրությունների ավարտին՝ դեկտեմբերի 9-ի գիշերն, անակնկալ է խոստանում Նիկոլ Փաշինյանին: Այսօր նախընտրական քարոզարշավն ասուլիսով մեկնարկած ՀՀԿ քարոզչության պատասխանատու, պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը շեշտեց՝ չնայած ստեղծված վախի մթնոլորտին, տասնյակ հազարավոր քաղաքացիներ իրենց ձայնը տալու են ՀՀԿ-ին։ «Ես ունեմ բազմաթիվ դեպքեր իմ ընտրատարածքում, որտեղ մարդիկ, ում հետ ես խոսում եմ, ասում են՝ «Արմեն ջան, շտաբեր չբացես, չենք գալու, բայց ձայները տալու ենք ձեզ։ Չենք գալու, որովհետև չենք ուզում հայտնվել ուշադրության կենտրոնում, չենք գալու, որովհետև վախենում ենք աշխատանքը կորցնել, չենք գալու, որովհետև չենք ուզում գալուց հետո մեր տուն մարդ այցելի, ասի՝ «ինչո՞ւ ես գնացել Աշոտյանի, կամ ՀՀԿ-ի շտաբ»: Բայց այդ մարդիկ շատ են, ու Նիկոլ Փաշինյանին՝ անձամբ և իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասում է մեծ անակնկալ», - ասաց Աշոտյանը։
Նիկոլ Փաշինյանի արձագանքը չուշացավ. Արթիկում հրավիրած «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում վարչապետի պաշտոնակատարն ասաց, թե գիտի՝ Աշոտյանն ինչ անակնկալի մասին է խոսում։ «Ես գիտեմ ինչ անակնկալ է սպասվում՝ դեկտեմբերի 9-ին պարզվելու է, որ նույնիսկ իրենց տնեցիք իրենց օգտին չեն քվեարկել», - ասաց Փաշինյանը։ Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանն ասուլիսին չէր մասնակցում, փոխարենը ներկա էր Հանրապետականի նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Արփինե Հովհաննիսյանը: Նա անդրադառնալով սառը ցնցուղ ընդունելու Փաշինյանի հորդորին՝ շեշտեց, եթե քաղաքացիները նման ցնցուղ ընդունեն, կհասկանան, թե իրականում ինչ է տեղի ունենում երկրում: «Եթե սառը ցնցուղ ընդունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, անպայման կընտրեն Հանրապետականին, որովհետև կհասկանան, թե ինչ է իրականում տեղի ունենում, էս առաջինը, իսկ իրականում Նիկոլ Փաշինյանն իր ոճի մեջ է, կարող է այսօր էլ ավելի սուր բան ասել, դրանից ինչ է փոխվում ձեր կյանքում, դատեք ինքներդ», - ասաց Հովհաննիսյանը։
Արմեն Աշոտյանը անդրադարձավ նաև դեկտեմբերի 5-ն արձակուրդ մեկնելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշմանը, Արմեն Աշոտյանն ընդգծեց՝ առանց այն էլ ոչ երևելի ցուցանիշներ արձանագրած կառավարության ղեկավարը հանուն քարոզարշավի, երկիրը թողնում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի հույսին և իր քաղաքական շահի համար մեկնում արձակուրդ: Աշոտյանի համոզմամբ, Փաշինյանն արձակուրդ գնալու որոշում կայացրեց հաշվի առնելով ՀՀԿ-ի քննադատությունը, որ վարչապետի պաշտոնակատարը վարչական ռեսուրս է օգտագործում։
«Մեր քննադատությունը տեղին էր, այո, Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիք այցի ընթացքում օգտագործում էր վարչական ռեսուրս։ Նա դա հասկացել է՝ միջազգային չափանիշները տեսել է և հասկացել է, որ եթե ուզում է անել քարոզարշավ մինչև ժամը 18։00-ն, չի կարող դա անել վարչապետի կարգավիճակով։ Նա կարող էր քարոզարշավ անել 18։00-ից հետո։ Ինչո՞ւ է թողել երկրի հոգսերը երկու շաբաթով՝ տնտեսական սպառնալիքների, անվտանգային միջավայրի վատթարացման, ՀԱՊԿ-ում հասունացած պրոբլեմների... այսինքն՝ էդ ամեն ինչն իր համար կարևոր չէ՞, ավելի կարևո՞ր է, որ «Իմ քայլը» ստանա ոչ թե 72, այլ՝ 86։ Ինչո՞ւ ես թողել ու գնացել, դու մեկ է հաղթող ես, առանց այդ էլ լավ չէիր աշխատում որպես վարչապետ, հարգելի պարոն Փաշինյան։ Հիմա էլ թողել, գնացել ես մի մարդու վրա, որն առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելով հանդերձ երկու շաբաթ պետք է Հայաստանի խնդիրներո՞վ զբաղվի», - ասաց Աշոտյանը։
Այսօրվա ասուլիսում ՀՀԿ-ն հրապարակեց իր նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթները՝ սեղմագրերով: «Ինչո՞ւ ընտրել Հանրապետականին» հարցին, կուսակցությունը հետևյալ պատասխան է տալիս՝ «Մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ»: