«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանի համար ծրագրային դրույթներում առաջնային են քաղաքացիների խնդիրները։ Այսօր քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում Թանդիլյանն ասաց, որ ԼՀԿ-ի ծրագրում լուրջ անդրադարձ են արել երեխաների, ընտանիքների, տարեց մարդկանց խնդիրներին։ «Խորքային ծանոթ ենք այդ խնդիրներին և ծանոթ ենք նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին, հետևաբար այսօր մեր առաջին մարտահրավերը Հայաստանն առաջանցիկ տեմպերով զարգացնելն է տնտեսապես և սոցիալական խնդիրների լուծումն է։ Սա պետք է լինի առաջնային», - ասաց Թանդիլյանը։ Հարցին, թե քարոզարշավի երկրորդ օրն է՝ քաղաքացիներից երկրորդ քաղաքական ուժը լինելու ազդակներ ստացե՞լ են, Ազգային ժողովում երկրորդը լինելու վճռականությունը պահպանվո՞ւմ է, Թանդիլյանը պատասխանեց. «Երկրորդը լինելը դա ոչ թե մենք որոշել ենք, այլ դա ակնհայտ է, որովհետև նոր Հայաստանում քաղաքական ուժերն էլ պետք է լինեն նորը, և նրանք, ովքեր կարողացել են այս ընթացքում ապացուցել, որ քաղաքացիներին ականջալուր են և հասանելի»։
Թանդիլյանն ընդգծեց՝ նոր քաղաքական գործիչների ժամանակն է։ «Կոտրելով կարծրատիպերը պետական պաշտոնյաների ձևաչափի՝ «Լուսավոր Հայաստան»-ը հենց այդ ազդակներն է նաև ստանում քաղաքացիներից, ովքեր հոգնել են հին ուժերից, որոնք կրում են պատասխանատվություն նախորդ կառավարման ժամանակ՝ կազմելով այս իշխանության մաս տարբեր ժամանակահատվածում, և հետևաբար այսօր ժամանակն է զսպումների, վերահսկողական մեխանիզմների իսկական ներդրման, որովհետև Ազգային ժողովն այն հարթակն է, որտեղ առողջ և մեկը մյուսին հակակշռող քննադատության և բանավեճի արդյունքում ծնվելու են լավագույն լուծումները», - ասաց Թանդիլյանը։
Հարցին էլ, թե արդյո՞ք Հանրապետականի և «Իմ քայլը» դաշինքի միջև քարոզարշավն ընթանում է առողջ մթնոլորտում, Թանդիլյանն արձագանքեց՝ տեղյակ է, որ որոշակի «փոխհրաձգություն» է տեղի ունեցել, իսկ առողջ մթնոլորտ ստեղծելու համար նախ պետք է խոսել ծրագրերից: Միմյանց հարվածելով չի որոշվում, թե ով է լավագույնը, ընդգծեց նա: «Ես կարծում եմ, որ լավագույնը ոչ թե չարյաց փոքրագույնն է, այլ նա է, ով որ կարողացել է այս ընթացքում ապացուցել քաղաքացիներին, որ ինքը նվիրյալ, անձնուրաց, աշխատող քաղաքական գործիչ է, և սա է ճանապարհը դեպի իրական քաղաքականություն», - հավելեց Թանդիլյանը։