Նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Աշտարակում հանդիպեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների և կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Ոստիկանության պետը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար, ներկաների ուշադրությունը հրավիրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք համապետական ընտրություններին և ներկայացրեց օրենքի պահանջները։ Թեպետ, ոստիկանությունն իր խնդիրներն ու պարտականությունները լիարժեք կատարելու է, Վալերի Օսիպյանը հույս հայտնեց, որ թեկնածուները ևս կաջակցեն թափանցիկ ու արդար ընտրությունների կազմակերպելուն և անցկացնելուն։ Նա կոչ արեց տեղերում համագործակցել ոստիկանների հետ, խախտման ցանկացած դեպքի ականատես լինելիս դիմել ծառայություն իրականացնող ոստիկաններին կամ զանգահարել 1-02, հորդորեց պահպանել օրենքը, որը շրջանցելու ցանկացած փորձ անգամ կհայտնաբերվի ու համապատասխան իրավական գնահատականի կարժանանա ոստիկանության կողմից։ Վալերի Օսիպյանը ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող թեկնածուներին տրամադրեց ոստիկանության պատրաստած թռուցիկները, որոնք կանխարգելիչ նշանակություն ունեն, քանի որ հիշեցնում են ընտրությունների հետ կապված օրենքով արգելվող գործողությունների մասին։
Նույն օրը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը։ Մասնակցում էին ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների բոլոր ծառայությունների ղեկավարները։
Առանցքային թեման համապետական ընտրություններն էին։ Վալերի Օսիպյանը շնորհակալություն հայտնելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ոստիկանների ծառայության համար՝ նշեց, որ անհարաժեշտ է էլ ավելի եռանդով ու կազմակերպված իրականացնել բարձրորակ ծառայություն՝ թափանցիկ ընտրություններ ունենալու համար։ Ոստիկանության պետը հորդորեց առավել հաճախ անցկացնել ծառայողական պարապմունքները, ընտրության օրը և դրան նախորդող օրերին ծառայություն իրականացնել՝ «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցուցի» պահանջներին համապատասխան։
Նոյեմբերի 27-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հանդիպում ունեցավ նաև ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին և կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։