Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում նախընտրական քարոզչության շրջանակներում այսօր պատասխանել է ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանին: Նա ասել էր, թե Ղարաբաղը հանձնելը Նիկոլ Փաշինյանի ծրագիրն է: Փաշինյանն ասաց, որ Շահնազարյանը ՀՀԿ երիտթևից է, նոր է ընդգրկվել ՀՀԿ շարքերը: «Սերժական Դավիթ Շահնազարյանն ասել է, թե մեր իշխանությունը եկել է, որպեսզի Ղարաբաղը հանձնի: Ես չեմ ուզում հիմա ոչ մի էմոցիոնալ հայտարարություն անել, որովհետև ՀՀԿ-ն ու Դավիթ Շահնազարյանը ոչ մի էմոցիա չեն շարժում: Բայց ես ուզում եմ, որ մենք էդ հարցի պատասխանը ստանանք՝ ելնելով փաստերի վրա: Մեր կառավարությունը և ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ով ասել է հստակ հետևյալը՝ ՀՀ ոչ մի ղեկավար և իշխանություն չի կարող լուծել Ղարաբաղի հարցը, որովհետև Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է: Եվ եթե կլինի ԼՂ հարցի կարգավորման այնպիսի առաջարկ, որն իմ կարծիքով ընդունելի կլինի մեր ժողովրդի համար, ես կգամ և այդ առաջարկը կներկայացնեմ ժողովրդին, իսկ ժողովուրդը կորոշի՝ ընդունի այդ առաջարկը, թե ոչ»,- ասաց Փաշինյանը: Նա հավելեց՝ սա ամենամեծ երաշխիքն է, որ որևէ իշխանություն, առավել ևս իր իշխանությունը ուզենա էլ, չի կարող իրականացնել այն, ինչ կա ՀՀԿ-ականների մտքերում: Երկրորդ, ըստ Փաշինյանի, ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, ով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում հստակ հայտարարել է, որ կարող է հանդես գալ ՀՀ անունից, բայց չի բանակցում ԼՂՀ անունից: Եվ ԼՂ բանակցային գործընթացում Ղարաբաղի դիրքորոշումը կարող է ներկայացնել միայն Արցախի իշխանությունը: Արցախի ժողովուրդն է առաջին հերթին Արցախի հարցի լուծողը, և որևէ մեկը չի կարող ի հեճուկս ԼՂ ժողովրդի կամքի, ինքնորոշման իրավունքի, անվտանգության Ղարաբաղի հարցը լուծել:
«Երրորդ, ես վերջերս, երբ գնացել էի Ղարաբաղ, արձակուրդից հետո իմ առաջին աշխատանքային օրը անցկացրել եմ՝ հրավիրելով Արցախի ղեկավարությանը, զինված ուժերի ողջ հրամկազմին, քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին և բոլոր մանրամասներով ներկայացրել եմ Արցախի խնդրի լուծման վերաբերյալ իմ դիրքորոշումները և բանակցային գործընթացի բոլոր մանրամասները: Եվ ես հենց նրանց ներկայությամբ, նաև հետո ասել եմ, որ չեմ ընդունում, այդ թվում Դավիթ Շահնազարյանենց՝ ժամանակին արտահայտած տեսակետը, որ Ղարաբաղի հարցին պետք է փորձագետի մակարդակով տիրապետի 5-7 հոգի: Ես ասել եմ հակառակը՝ ինչքան շատ մարդ տիրապետի ԼՂ բանակցային հարցին, այնքան ավելի լավ մեզ համար: Ղարաբաղի հարցում չի կարող լինել գաղտնիք Հայաստանի զինված ուժերի, դիվանագիտական կորպուսի, մեծ հաշվով նաև ժողովրդի համար: Հրապարակային ասել եմ՝ ես զարմանում եմ և անընդունելի է, երբ միջազգային ներկայացուցիչները գալիս և մեզ հարցնում են՝ իսկ Հայաստանը պատրա՞ստ է զիջումների կամ փոխզիջումների: Ես ասել եմ՝ մենք հրաժարվում ենք պատասխանել այդ հարցին, քանի դեռ այդ նույն միջազգային հանրությունը Ադրբեջանին չի հարցնում: Եթե այդ նույն հարցը կտաք Ադրբեջանին և պատասխանը կստանաք, հետո նոր կգաք մեզ կհարցնեք”,- նշեց նա:
Ըստ Փաշինյանի՝ այսօր իր կառավարությունը Ղարաբաղի հարցը ուզում է լուծել այնպես, ինչպես ուզում է լուծել յուրաքանչյուր քաղաքացի: Եվ եթե այսքանից հետո ՀՀԿ-ն ասում է, որ կառավարությունն ուզում է Ղարաբաղը հանձնել, ուրեմն ՀՀԿ-ն ժողովրդին է մեղադրում, որ ժողովուրդն ուզում է Ղարաբաղը հանձնել:
«Նշանակում է՝ նրանք ձեզ են մեղադրում Ղարաբաղը հանձնելու մտադրության մեջ: Ու սա ասում է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ով, իմ խորին համոզմամբ, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ 10 տարի վարել է Ղարաբաղը հանձնելու քաղաքականություն»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ մեկ անգամ ասել է՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը 1999-ին Վազգեն Սարգսյանից ստացել են որպես ժառանգություն մի բանակ, որն ընդունված կարծիքի համաձայն՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր: «Հիմա դուք ասեք՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին որևէ մեկը լսե՞լ է, որ Հայաստանի որևէ իշխանության ներկայացուցիչ ասի, որ ՀՀ զինված ուժերը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն են: Չեն ասել, որովհետև Սերժ Սարգսյանը 2016-ին կանգնեց ու ասաց, որ մեր բանակը կռվում է 80-ականների զենքներով: Սա դավաճանության արդյունք է: Ես հարց եմ տալիս՝ իսկ ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանի եղբայրը լինի միլիոնատեր, իսկ մեր բանակը կռվի 80-ականների զենքերով: Ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ պետք է Քոչարյանի ընտանիքը տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դոլարներ ունենա, իսկ մեր բամակը կռվի 80-ականների զենքերով: Ինչո՞ւ պետք է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը միլիոնատեր լինի, իսկ մեր բանակը կռվի 80-ականների զենքերով»,- հարցադրում արեց Փաշինյանը: