«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանն ու Խաչատուր Քոքոբելյանն այսօր Լոռու մարզում էին: Նրանք նախ իրենց թիմակիցների հետ եղան Սպիտակում, ապա մարզկենտրոն Վանաձորում քայլեցին կենտրոնական փողոցներով, փոխանցեցին դաշինքի նախընտրական բուկլետներն ու լսեցին ընտրողների հարցադրումները։
«Մենք» դաշինքը Լոռու մարզն ընդգրկող 9-րդ ընտրատարածքում վարկանիշային ցուցակով առաջադրել է 8 թեկնածու, որ մեծ ճանաչում չունեն մարզում։ Հարցին, թե դա չի՞ խանգարում ընտրապայքարի դուրս գալ մյուս կուսակցությունների, հատկապես նախկին և ներկա իշխանությունների թեկնածուների հետ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Ամենահաղթող թեկնածուին այն թեկնածուն է, որ քիչ է հայտնի: Հայտնիների ժամանակը լրացել է, իրանք գնացել են: Էդ հայտնիներին հիմա համարում են ծեր, խոստումներ տված՝ չարած»:
Հարցին, թե այլ ձևաչափով ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների դաշինքը Լոռիում քվեներ կստանա՞, Արամ Սարգսյանը պատասխանեց․ «Այսօր, բնականաբար, հաղթելու հիմնական հնարավորությունն ունի «Իմ քայլը» դաշինքը: Մնացած ուժերը պայքարում են խորհրդարանում որպես ընդդիմություն հանդես գալու, որպես հանրային տեսակետները խորհրդարան տանելու և մի մասը՝ գործող իշխանության մոտեցումները փոխլրացնելու, ուժեղացնելու, թերությունները ցույց տալու, մյուս մասը՝ կոշտ քննադատելու համար: Ու ժողովուրդը, էս տեսակետները հաշվի առնելով, քվեարկելու է, չի նայելու՝ ով ով է»:
«Մենք» դաշինքի անդամները եղան նաև Վանաձորի ավտոկայանի հարևանությամբ տեղադրված Վազգեն Սարգսյանի արձանի մոտ, այնուհետև շարժվեցին դեպի Ստեփանավան: