Հայաստանի քաղաքական դաշտում անցյալից դեռ մնացուկներ կան, և մենք չպետք է թույլ տանք, որ դրանք անցնեն խորհրդարան` Թալինում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը։
«Բոլոր այն ուժերը, որոնք մասնակցել են մեր ժողովրդին կեղեքելուն, մեր պետությունը քայքայելուն, մեր քաղաքացուն նվաստացնելուն, այդ ուժերը իրավունք չունեն լինելու մեր խորհրդարանում», - հայտարարեց Ավետիսյանը։ «Սասնա ծռերը» չեն գալու, որ մրցակցեն հեղափոխության մասնակից մյուս ուժերի, մասնավորապես Փաշինյանի հետ։ «Մեր նպատակն է այս փուլում, որ հեղափոխական ուժերը միասին, ձեռք ձեռքի անցնեն խորհրդարան և կարողանան շարունակել մեր պետության շինարարությունը։ Այդ պատճառով մեր առաքելությունը համարում ենք հեղափոխության ուժին աջակցելը և մյուս կողմից՝ հներին թույլ չտալ սողոսկել խորհրդարան», - հայտարարեց Ավետիսյանը։ Որպես հին ուժեր ու «անցյալի մնացուկներ»՝ Ավետիսյանը մատնանշեց՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ հայաստանյան թևին:
«Ինչքան այդ մնացուկները քիչ լինեն կամ ընդհանրապես չլինեն, այնքան լավ մեր երկրի համար։ Պետք է հասկանանք, որ մարտի 1-ի կոալիցիան ապագա չունի, իրավունք չունի հանդես գալ մեր ազգի անունից։ Պետք է նկատի ունենանք՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ հայաստանյան ղեկավարությունը, ոչ շարքային դաշնակցականները, ոչ էլ արտերկրում բնակվող մեր քույրերն ու եղբայրները, այլ կոնկրետ ՀՅԴ հայաստանյան ղեկավարությունը։ Նրանք ու մյուս իմ նշած կուսակցությունների ղեկավարների հետ պետք է հայտնվեն հայկական Նյուրնբերգի նստարանին, անցնեն այդ քավարանով ու պատասխան տան իրենց գործած հանցանքների համար», - հայտարարեց Ավետիսյանը։
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով անցնում է «Սասնա ծռեր» կուսակցության հիմնական մասը և Վարուժան Ավետիսյանը։ Նրանց կալանքից ազատելու գործին ակտիվ ներգրավված էր հենց Գագիկ Ծառուկյանին առնչվող «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը. որպես գրավ այս հիմնադրամից ՍԾ ազատման համար հատկացվել էր 5 մլն դրամ։