Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է 2018-ի հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած Հայաստանի քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին: Հանդիպման ընթացքում Կարեն Ղազարյանի ծնողներն անհանգստություն են հայտնել որդու առողջական վիճակի հնարավոր սրացման առնչությամբ՝ պայմանավորված նրա` Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու և ընթացող դատավարության պայմաններով, կրկին նշել են, որ 2004-2006-ին պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո Կարեն Ղազարյանը երբևէ չի ծառայել Հայաստանի զինված ուժերում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կարեն Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ։ Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները Ղազարյանի՝ հայրենիք վերադառնալու հումանիտար բնույթի խնդիրը չեն դիտարկի հակամարտող կողմերի ռազմագերիների փոխանակման համատեքստում։