«Փաստը» գրում է. «Որքան մոտենում է ընտրության օրը, այնքան թեժանում է պայքարը հատկապես ռեյտինգային թեկնածուների միջև: Խոսքը ոչ թե տարբեր ուժերի թեկնածուների մասին է, այլ միևնույն քաղաքական ուժի կողմից որևէ տարածքում առաջադրվածների: Թեժ պայքար է սկսվել հատկապես «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների միջև: Շատերի ապագան որոշվելու է հենց ռեյտինգային կարգով ստացած ձայներից: Խոսքը ոչ թե պատգամավոր դառնալ–չդառնալու մասին է, այլ գործադիր իշխանության մեջ հետագա պաշտոնավարման և խորհրդարանի ղեկավար կազմում տեղ ունենալու: Իհարկե, եթե այս ուժը մեծամասնություն կազմի: Թեժ պայքար է ծավալվում ԱԺ նախագահի պաշտոնի համար:
«Փաստի» տեղեկություններով, այդ պաշտոնում կառաջադրվի պոտենցիալ թեկնածուներից նա, ով առավելագույն քվեներ կստանա: Պատահական չէ, որ մեծ մրցակցություն է լինելու Ֆելիքս Ցոլակյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի և Արարատ Միրզոյանի միջև, թեպետ նրանք առաջադրվել են տարբեր ընտրատարածքներում: Շրջանառվում էր նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անունը, սակայն նրա թեկնածությունը չի էլ քննարկվում»: