Համաշխարհային առաջնորդները «Մեծ քսանյակ»-ի գագաթաժողովին ընդառաջ ժամանել են Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրես: Գագաթաժողովը սկսվում է նոյեմբերի 30-ին: Քննարկվելիք թեմաների թվում են ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև «առևտրային պատերազմը», Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգջիի սկանդալային սպանությունը, Ազովի ծովում վերջին դեպքերից հետո ռուս-ուկրաինական հարաբերությունների սրացումը: Բուենոս Այրեսի միջազգային օդանավակայանում վայրէջք են կատարել ԱՄՆ-ի, Կանադայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Կորեայի, Սաուդյան Արաբիայի, Սինգապուրի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ երկրների ղեկավարների ինքնաթիռները: