Վրացական ընդդիմությունը չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները, որպես քաղաքական ճգնաժամից միակ ելք դիտարկելով գործող խորհրդարանի լուծարումը: «Վրաստանը նախագահ չունի: Դա Բիձինա Իվանիշվիլիի նախագահն է: Այդ իսկ պատճառով մենք այդ անշունչ առարկայի նկատմամբ որևէ բարոյական կամ քաղաքական պարտավորություն ունենալ չենք կարող: Կիրակի օրը մենք Ռուսթավելիի պողոտայում մեծ հանրահավաք կանցկացնենք, որի ընթացքում պահանջելու ենք Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել», - երեկ երեկոյան դիմելով Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի դահլիճում հավաքված իր կողմնակիցներին` ասել է նախագահի նախկին թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: Պաշտոնական տվյալներով քվեների 40 տոկոսը ստացած Վաշաձեն ստիպված էր խիստ հուզական ելույթը կարճ կապել: Վաշաձեի ճառի կեսից նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սկսեց Skype-ով համառորեն զանգահարել Թբիլիսի` համերգասրահում տեղադրված մեծ էկրանից իր կողմնակիցներին դիմելու մտադրությամբ:
Չնայած կապի վատ որակին, Ֆիլհարմոնիայի դահլիճում հավաքվածները նախկին նախագահի ելույթին բուռն արձագանքեցին՝ «Միշա, վերադարձիր» վանկարկելով:
«Գրիգոր Վաշաձեն Վրաստանի ժողովրդական նախագահն է: Կիրակի օրը ողջ Վրաստանը ոտքի կկանգնի և «ոչ» կասի պետության և ազատության թշնամի Իվանիշվիլիին: Մենք պետք է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հասնենք: Դրանք պետք է կազմակերպվեն բացառապես համամասնական ընտրակարգով, ինչը թույլ կտա ազատվել մեզ պարտադրված ֆեոդալական կառավարման համակարգից», - հայտարարում էր Սաակաշվիլին:
Վրաստանի իշխանությունները ընդդիմությունից հնչող կտրուկ կոչերին արձագանքեցին այսօր առավոտյան` նշելով, որ իրադրությունն ապակայունացնելու բոլոր փորձերը կանխվելու են: «Որևէ հեղափոխական կամ ռևանշիստական սցենար մենք չենք հանդուրժի: Պետությունը կպաշտպանի ցանկացած քաղաքացու անվտանգությունը, խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնելու նրանց իրավունքը: Ընտրությունները ավարտվել են, և երկիրը պետք է վերադառնա կյանքի բնականոն ռիթմին», -Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Մամուկա Բախտաձեն: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ևս զգուշացրել է ` ընդդիմությունը պետք է հրաժարվի մայրաքաղաքում իրավիճակը սրելու ցանկացած փորձից: «Դա պարտված թիմ է: Մեր ազգաբնակչությունը մեկ անգամ ևս մերժեց բռնությունը, չարիքն ու ատելությունը: Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջով բողոքի ակցիաներին, ցանկացած օրինախախտման դեպքում կառավարությունը հստակորեն արձագանքելու է», - ասել է Կալաձեն:
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնամուտի արարողությունը կկայանա դեկտեմբերի 16-ին: