Եվրոպայի ղեկավարներն ու ՆԱՏՕ-ն սառն են արձագանքել պաշտպանությունն ուժեղացնելու և Կերչի նեղուցում ուկրաինական ռազմական նավերի կալանման ու անձնակազմերի ձերբակալման կապակցությամբ Ռուսաստանին պատժելու ուղղությամբ նոր միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կոչերին: ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղարը երեկ հայտարարել է, որ ռազմական դաշինքը արդեն ունի ուժեղ ներկայություն Սևծովյան տարածաշրջանում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, և չի պատրաստվում հետևել Պորոշենկոյի կոչին ու ռազմանավեր ուղարկել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գտնվող Ազովի ծով։ ՆԱՏՕ-ի խոսնակն ասել է, որ նավերը կանոնավոր պարեկում են և զորավարժություններ անցկացնում Սև ծովում, դաշինքի նավերն այս տարի տարածաշրջանում են արդեն 120 օր՝ անցած տարվա 80 օրվա փոխարեն:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ՆԱՏՕ-ին կոչ էր արել ռազմանավեր ուղարկել Ազովի ծով՝ աջակցելու Ուկրաինայի պաշտպանությանը: «Մենք հուսով ենք ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ են ռազմանավեր ուղարկել Ազովի ծով՝ աջակցելու և ապահովելու Ուկրաինայի անվտանգությունը», - ասել էր նա Bild-ին հարցազրույցում: Պորոշենկոն հույս էր հայտնել, որ եվրոպական երկրները ակտիվ քայլերի կդիմեն: