«Քաղաքացու որոշումը» նպատակ ունի սոցիալական տարբեր վիճակներում գտնվող ցանկացած քաղաքացու համար ստեղծել բարեկեցիկ պայմաններ ավելի բարձր մակարդակով ապրելու համար` լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության գործադիր մարմնի անդամ, պատգամավորության թեկնածու Կարեն Հարությունյանը: Նրա խոսքով՝ իրենց քաղաքական ուժի ուղղվածությունը՝ սոցիալ-դեմոկրատականը, արդեն իսկ հուշում է իրենց գործունեության մասին: «Մենք նպատակ ունենք համընդհանուր բարեկեցիկ պետություն ստեղծել: Սա նշանակում է, որ սոցիալական տարբեր վիճակներում գտնվող ցանկացած քաղաքացու համար պետությունը կստեղծի բոլոր պայմանները, որպեսզի նա կարողանա տեղափոխվել իր սոցիալական վիճակից ավելի բարձր մակարդակի»,- ասաց Կարեն Հարությունյանը:
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Սահակյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, շարունակեց՝ խոսելով քարոզարշավի ընդհանուր ընթացքի մասին։ Ըստ նրա՝ լավ կլիներ, եթե քարոզարշավը տեղափոխվեր ավելի գաղափարական դաշտ:
Սահակյանը, խոսելով արտաքին քաղաքականության մասին, ասաց․ «Ըստ մեր ծրագրի՝ այն պետք է հիմնված լինի պետական շահի սպասարկման վրա և միջազգային պայմանագրերով Հայաստանի վրա վերցրած պարտավորությունները կատարելու շրջանակներում»: