Հայաստանը և Ռուսաստանը ավարտում են Երևանին Су-30СМ կործանիչների մատակարարման պայմանագիրը կնքման նախապատրաստելու ընթացակարգերը` ասել է ՊՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: «Մենք ջանում ենք, որ դա շատ արագ լինի: Մոտենում ենք համաձայնության կնքման եզրափակիչ փուլին»` ասել է Տոնոյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ երկու երկրները միջպետական մակարդակով ավարտում են Հայաստանին սպառազինություն գնելու համար 100 միլիոն դոլարի ռուսաստանյան վարկի տրամադրման համաձայնագրի իրականացման ընթացակարգերը, մասնավորապես՝ տեխնիկայի կոնկրետ տեսակների մատակարարումների հարցերով:
Տոնոյանը շեշտել է ռազմական ոլորտում ռուսաստանցի գործընկերների հետ սերտ համագործակցությունը: «Մենք նախապատրաստում ենք մի համատեղ միջոցառում: ժամկետները կհայտնենք, երբ կլուծվեն որոշ հարցեր», - ասել է նա՝ առանց հստակեցնելու, թե ինչ միջոցառման մասին է խոսքը: «Հայաստանին արտահանման վարկ տրամադրելու համաձայնագիրը կնքվել է դեռ 2017-ի հոկտեմբերի 24-ին: Այն պետք է ուղղվի ռուսաստանյան արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարմանը: Վարկը տրամադրվում է Հայաստանին 15 տարի մարման ժամկետով՝ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ըստ համաձայնագրի՝ Երևանը պետք է օգտվի վարկային միջոցներից 2018-2022 թվականներին», - մանրամասնում է Ռուսաստանի պետական լրատվական գործակալությունը: