«Իմ քայլը» դաշինքը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր քարոզարշավ է անցկացնում Սյունիքի մարզում։
Վարչապետի պաշտոնակատարը Մեղրիում անդրադարձավ Սյունիքում մինչ այժմ կատարված աշխատանքներին։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոշորացված ութ համայնք կա Սյունիքի մարզում, ամենամեծ դոտացիան հատկացվել է հենց Սյունիքի մարզին, ամենաշատ սուբվենցիոն ծրագրերը ևս տրամադրվել են Սյունիքի մարզին՝ 213 միլիոն դրամի մասին է խոսքը։ Վարչապետի պաշտոնակատարը պատմեց երեկ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդի հետ զրույցը, նրան ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնվել։ Նիկոլ Փաշինյանը Թրուշարդից հետաքրքրվել է, թե ԱՄՆ կառավարությունը ինչ ներդրում է ունեցել նրա հաջողության գործում, և պատասխանը Փաշինյանին հետաքրքրել է․ ամենամեծ ներդրումը, ըստ Թրուշարդի, չեն եղել արտոնյալ վարկերը, որոշակի արտոնությունները, աշխատատեղերը և այլն, այն եղել է կրթության ոլորտում։ Կառավարության ղեկավարը սա կարևոր օրինակ համարեց։ «Մենք հաճախ նայում ենք մեր երեխայի օրագրին և փորձում ենք հասկանալ, թե ինչ գնահատականներ են այնտեղ։ Այնտեղ բարձր գնահատականներ են՝ մենք գոհ ենք, ցածր գնահատականներ են՝ մենք դժգոհ ենք և երբեմն մենք դպրոցների և ուսուցիչների հետ աշխատում ենք, որպեսզի գնահատականները բարձրանան։ Սա թվում է, թե նորմալ է, բայց մեր մոտեցումը ֆորմալ է, որովհետև մենք հաճախ հարց չենք տալիս՝ իսկ մեր երեխայի գնահատականը ինչքանո՞վ է համապատասխանում նրա ստացած գիտելիքին, մենք հարց չենք տալիս, թե արդյո՞ք մեր երեխան պատշաճ ձևով մեր դպրոցներում պատրաստվում է իր հետագա հաջողություններին։ Մենք ինչի՞ ենք պատրաստում նրան՝ ապրել կոռումպացված մի միջավայրո՞ւմ, որտեղ ամեն ինչ խնամի, ծանոթ, բարեկամով է, թե՞ մենք նրան պատրաստում ենք հաղթանակների, անհատական հաղթանակների», - ասաց Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ քաղաքացիների հետագա հաջողությունների կերտման գործում մեծ դեր ունի կրթությունը։ Հիշեց՝ Մեղրի նախորդ այցի ժամանակ խոստացել էր, որ այնտեղ մանկապարտեզ կկառուցվի, և «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ առաջիկայում այդ խոստումը ի կատար կածվի, քանի որ գործարարներից մեկը մեծ գումար է նվիրաբերել հիմնադրամին։
«Մենք պետք է չորս տարեկանից սկսած երեխաներին ընդգրկենք կրթական համակարգ, այսինքն՝ նախակրթարան, մանկապարտեզ և այդպես շարունակ», - ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը։
Փաշինյանը խոսեց «Իմ քայլը» դաշինքի տնտեսական քաղաքականության մասին։ 10 ամիսների տվյալներով՝ Հայաստանից արտահանվել է 80 միլիոն դոլարի գյուղմթերք։ Նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 49 միլիոն դոլար։ «Այսինքն, այս տարվա 10 ամսվա տվյալը արդեն նախորդ տարվա տարեկան տվյալներին գերազանցում է 61 տոկոսով։ Սա ես ինչու եմ ասում՝ սա ես ասում եմ նաև ոգևորելու համար այն մարդկանց, ովքեր Մեղրիի տարածաշրջանում զբաղվում են գյուղատնտեսությամբ», - ասաց նա։