Թբիլիսիում դեկտեմբերի 2-ին զանգվածային բողոքի ակցիա է անցկացվում՝ ընդդեմ նոյեմբերի 28-ի նախագահական ընտրությունների արդյունքների: DW.com-ը, հայտնում է, որ հազարավոր մարդիկ են հավաքվել Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի առաջ: Ցույցը կազմակերպել են «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման ներկայացուցիչները, որոնք հրաժարվում են ընդունել Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակը և պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
Ոստիկանությունն արգելափակել է մեքենաների երթևեկությունը Ռուսթավելի պողոտայում: Խորհրդարանի շենքի առաջ բեմ, էկրան և ձայնի ուժեղացուցիչներ են տեղակայվել: Ցույցի անցկացման մասին օրեր առաջ հայտարարել էր նախագահական ընտրություններում Զուրաբիշվիլիի մրցակից Գրիգոլ Վաշաձեն, որի թեկնածությունն առաջադրել էր Միխեիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը:
Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը կկայանա դեկտեմբերի 16-ին: