Մենք արևմտյան մոդելի երկիր կառուցելու կողմնակից ենք` Չարենցավանում նախընտրական քարոզարշավում հայտարարեց «Մենք» դաշինքի 1-ին համար Արամ Սարգսյանը: «Մեր իշխանությունները երկրի տնտեսական զարգացման առաջին կետերից են նշում տուրիզմը, նոր տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, բայց չկա ոչ մի խոսք արդյունաբերության մասին: Իմ աշխատանքային փորձով, կյանքում անցած ճանապարհով վստահաբար ասում եմ, որ արդյունաբերական տնտեսություն ձևավորելը շատ կարևոր է»,- ասաց Արամ Սարգսյանը: Ըստ նրա՝ ներդրումներ են հարկավոր, պետք է արդար դատական համակարգ ստեղծել ու քաղաքական ճիշտ հետևություններ անել:
«ԵԱՏՄ-ի մեջ, որի կազմում Հայաստանն է, ներդրումներ անելու գումարներ չկան: Նույն ՌԴ-ն ինքը ներդրումների կարիք ունի: ՌԴ-ն Հայաստանում ներդրումներ չի անում, գույք պարտքի դիմաց վերցնում է, շահութաբեր ոլորտներն է վերցնում, շահույթ ապահովող գործարանները: Ներդրումներ կան Արևմուտքում, ԱՄՆ-ում: Մենք արևմտյան մոդելի երկիր կառուցելու կողմնակից ենք: Մենք գտնում ենք, որ քայլ առ քայլ պետք է մոտենանք դեպի ասոցացման համաձայնագրին»,- շեշտեց Արամ Սարգսյանը: Ըստ նրա՝ ՀԱՊԿ անդամ Բելառուսն ու Ռուսաստանը զինում են Ադրբեջանին, որով նրանք սպառնում են մեր զինվորներին: «Ես շատ սիրում եմ բնությունը, սիրում եմ կենդանական աշխարհը, ծառերը, գյուղի տղա եմ, բայց դրանից ավելի շատ սիրում եմ սահմանին կանգնած զինվորին, որը պետք է ապահովված լինի, իր կյանքը պետք է ապահով լինի, իսկ դրա համար հանքահումքային միջոցները պետք է օգտագործենք»,- նշեց Արամ Սարգսյանը:
Ըստ թեկնածուի՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե կարևոր չէ՝ ով կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, կարևորը հասկանալն է՝ ՀԱՊԿ-ը մեր անվտանգությունն ապահովում է, թե ոչ: «20 տարի է՝ ՀԱՊԿ-ի մեջ ենք, հետևություն չե՞նք արել՝ ՀԱՊԿ-ը մեզ պաշտպանում է, թե չէ: Մենք ասում ենք, որ քայլ առ քայլ պետք է մոտենանք ՆԱՏՕ-ին»: