Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը համաձայնեցրել են Սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացված գոտու համաձայնության իրականացման քայլերը` հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման ժամանակ։ «Այս հանդիպմանը նաև վերահաստատվել է Իդլիբի վերաբերյալ համաձայնությունը,- ասել է նա։- Նշվել է, որ, չնայած մեր թուրք գործընկերների ակտիվ, հետևողական գործողություններին, այնուամենայնիվ, ոչ բոլոր ծայրահեղականներն են ենթարկվել ապառազմականացված 20 կիլոմետրանոց գոտին ազատելու պահանջին»։
«Համաձայնեցվել են հետագա քայլերը՝ ուղղված նման ապառազմականացված գոտու ստեղծման համաձայնության հարգմանը, բայց, միաժամանակ, միջոցներ ձեռնարկվեն, որ ծայրահեղականները փորձ չանեն սաբոտաժի ենթարկել այս կարևորագույն պայմանավորվածությունը, որը բոլորը ողջունել են»,- հավելել է Լավրովը։ Բուենոս Այրեսում հանդիպմանը Էրդողանն առաջարկել է Իդլիբի շուրջ իրավիճակի վերաբերյալ նոր համաժողով անցկացնել։