Հռոմի ամենատեսարժան վայրերից մեկում` Բորգեզի այգում, կտեղադրվի հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը` լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:
«Թումանյանը հայ մշակույթը ներկայացնող մեծանուն գրող է, և շուտով նշվելու է նրա 150-ամյա հոբելյանը»,- շեշտեց Գալստյանը: Բորգեզի այգին աշխարհի ամենագեղեցիկ և կարևոր նշանակություն ունեցող վայրերից է, ուստի, Թումանյանի այնտեղ տեղադրվող քանդակը չափազանց լավը պետք է լինի: Անդրադառնալով քանդակագործի ընտրությանը` Գալստյանն ասաց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը դեռ պետք է հասկանա, թե որքան գումար է հատկացվելու քանդակի ստեղծմանը, այնուհետև կհայտարարվի մրցույթ: «Ցանկալի է, որ հեղինակը հայ լինի և ներկայացնի մեր մշակութային պոտենցիալը: Վստահ եմ, որ մենք ունենք լավ քանդակագործներ»,- եզրափակեց նա: