Եվ քաղաքական մեծամասնությունը, և քաղաքական փոքրամասնությունն իշխանություն են` Երևանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Մենք» դաշինքի ընտրացուցակի 4-րդ համար Արտակ Զեյնալյանը:
Նա հավելեց, որ խորհրդարանում հայտնված քաղաքական ուժն իրականացնում է ժողովրդի կամքը։ «Մեծամասնությունն իրականացնում է մեծամասնության կամքը, փոքրամասնությունը՝ փոքրամասնության։ Այստեղ պետք է լինեն ակադեմիական երկխոսություն ու բանավեճ, և քաղաքական գործիչը չպետք է ընկալվի որպես իր տեսակետի գերի»,- ասաց նա։ Զեյնալյանը գտնում է, որ ցանկացած թեզի հաստատման գործընթացում հակափաստարկի անհրաժեշտություն կա, և վստահեցրեց, որ իրենց դաշինքն ունի բավականին պրոֆեսիոնալիզմ նման հակափաստարկների համար։ Նա նկատեց, որ խորհրդարանում «Ելք» դաշինքի հակափաստարկներն ազդեցիկ են եղել, ավելին՝ որոշ դեպքերում քաղաքական մեծամասնությանը քվեարկություն է թելադրվել։ «Սա նորմալ ժողովրդավարական գործընթաց է, և մեր երկիրը պետք է գնա այդ ուղիով»,- ընդգծեց նա: