Դեկտեմբերի 9-ի Աժ արտահերթ ընտրություններին ընդառաջ Մարդու իրավունքների պաշտպանի անկախ մշտադիտարկումը վկայում է համացանցում ու հատկապես սոցիալական մեդիայում արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի, անհանդուրժողականության աճի մասին` հայտնել է ՄԻՊ հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը:
Ըստ նրա՝ նպատակային դիտարկումը վկայում է, որ այլակարծությունն արժանանում է անհանդուրժողական վերաբերմունքի՝ ուղեկցվելով ագրեսիվ արձագանքներով հատկապես առերևույթ կեղծ օգտատերերի կողմից: Հաճախ հաշվի չի էլ առնվում արտահայտվող խոսքի բովանդակությունը կամ մեկնաբանությունն արվում է՝ միայն կարծիք հայտնողի անձը հաշվի առնելով: «Այս վիճակը դժվարացնում է նաև լրագրողների աշխատանքը, քանի որ սոցիալական ցանցերի օգտատերերի ու հատկապես առերևույթ կեղծ օգտատերերի գրառումներում առկա են արժանապատվությունը վիրավորող մեկնաբանություններ ու գրառումներ՝ ուղղված լրագրողներին: Դիտարկումն արձանագրել է դեպքեր, երբ սոցիալական ցանցերի օգտատերերն իրեն գրառումներում թիրախավորում են հարցազրույց կամ այլ նյութ հրապարակած լրագրողին՝ նույնացնելով նրան հարցազրույց տվողի կամ այլ նյութի հեղինակի հետ:
Մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից ցանկացած պարագայում կարևոր է մարդու արժանապատվության լիարժեք պաշտպանությունը: Արժանապատվությունը մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է, անօտարելի է մարդուց:
Նկարագրված իրավիճակում կարևոր է զանգվածային լրատվամիջոցների դերը:
Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր լրատվամիջոցներին հորդորում է հեռացնել վիրավորանք կամ ատելության խոսք պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից: Հորդորում ենք նաև ավելի մեծուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի ընտրությանը»,-ասել է Նունե Հովսեփյանը: