Երեւանում Լազարեւյան ակումբի առաջին նիստը նվիրված էր անվտանգության ու պաշտպանության խնդիրներին: Հրապարակային անդրադարձ է եղել Ղարաբաղի խնդրին, ըստ տեղեկությունների՝ կուլուարներում զրույցներում ռուսական կողմի ներկայացուցիչները խոսել են Նախիջեւանի խնդրի մասին եւ հավաստիացրել, որ առաջիկա նիստում անդրադառնալու են 1921 թ. ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրին, ըստ որի Նախիջեւանն ու Ղարաբաղը հանձնվել են Ադրբեջանին:
Դժվար է ասել, թե որքանով կարելի է վստահել կուլուարային խոսակցություններին, թեեւ շատ հաճախ իրական զրույցները տեղի են ունենում այդ «ձեւաչափով»: Եթե ակումբն իր առջեւ դրել է հայ-ռուսական հարաբերությունն ու բարեկամությունը ավելի սերտացնելու եւ խորացնելու խնդիր, դա անհնար է առանց այդ պայմանագրի քննարկման: Ակնհայտ է, որ առանց այդ խնդրի լուծման հայ-ռուսական բարեկամությունը կմնա հազարամյա հուշ, ֆիկցիա: Այս ֆոնին, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք նույնպես քննարկման կարիք ունեն: Մասնավորապես, Գյումրիի ռուսական բազայի խնդիրը, որի շուրջ Լազարեւյան ակումբի նիստից հետո նոր սկանդալ բռնկվեց ՌԴ դեսպանատան ներգրավմամբ:
Կարելի է քննարկել բազան բացառապես ռուսաստանցի էթնիկ հայ զինծառայողներով համալրելու հարցը: Ճիշտ նույն սկզբունքով, ինչ սկզբունքով Ռուսաստանում էթնիկ հայերին արգելված է զբաղեցնել մունիցիպալ կամ ֆեդերալ ընտրովի մարմինների ղեկավար դիրքեր, եւ կարծես թե 2014-ից սկսած՝ առաջադրվել Պետդումայի պատգամավորներ: