ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ադամ Բարրոյի ձայներիզը ներառում է նաև հայկական «Ավե Մարիա»

Ադամ Բարրոյի ձայներիզը ներառում է նաև հայկական «Ավե Մարիա»
04.12.2018 | 14:39

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Գյումրիում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգով: Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հրավերով երգիչը ելույթ կունենա իր ծննդավայրի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում:

Համերգը հարգանքի տուրք է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին, երկրաշարժ, որ 1988 թ. տեղի էր ունեցել հենց դեկտեմբերի 7-ին: Այդ ժամանակ ծնունդով գյումրեցի Բարրոն թիվ 37 դպրոցում էր իր եղբոր հետ…
«Արտերկրում բազմաթիվ եկեղեցիներում եմ մեներգել ու միշտ երազել եմ մենահամերգով հանդես գալ նաև այն եկեղեցում, որտեղի բույրը մանուկ հասակից առ այսօր հիշում եմ ու կարոտում: Դեկտեմբերի 7-ի համերգին երգեհոնով ինձ կնվագակցի Հարություն Թագվորյանը»,-նշում է Ադամ Բարրոն:


Նշենք, որ ծրագրում ներկայացված են հայ և եվրոպացի կոմպոզիտորների գործեր: Ադամ Բարրոն կկատարի ստեղծագործություններ, որոնք Հայաստանում կներկայացվեն առաջին անգամ: Միջոցառումը կրում է «30 տարի անց» խորագիրը: Ադամ Բարրոն առանձնահատուկ շեշտում է՝ շատ կարևոր է, որ համերգին ներկա լինի նաև երիտասարդ սերունդը, քանի որ որպես մեր երկրի մշակույթի դեսպան ցանկանում է նաև իր փորձը կատարումների տեսքով փոխանցել երիտասարդ երգիչներին:
Տեղեկացնենք, որ մինչ Գյումրիի համերգն Ադամ Բարրոն Մոսկվայում հանդես կգա «Ավրորա» մրցանակաբաշխության արարողությանը՝ կատարելով Շառլ Ազնավուրի և Մարինե Ալեսի ստեղծագործությունները: Այնուհետև վերադառնալու է Փարիզ, ապա՝ հայրենիք: Առաջիկայում Բարրոն ելույթ կունենա նաև կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկու 180-ամյակին նվիրված համերգին, ինչպես նաև երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հիշատակին նվիրված երեկոյին:


Շուտով լույս կտեսնի Ադամ Բարրոյի՝ «Ավե Մարիա» ձայներիզը, որը ներառում է նաև մեկ հայկական «Ավե Մարիա»:
Հավելենք նաև, որ վերջերս Ադամ Բարրոյի միջազգային մրցանակների շարքին է ավելացել ևս մեկը՝ Լոնդոնի «Ալբիոնի աստղերը» հեղինակավոր մրցույթից:

Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ