Այսօր Մարալիկից դեպի Բարձրաշեն լեռնային հատվածում, Հայաստանի Զինված ուժերի ՍՈւ-25 մարտական օդանավ է կործանվել, երկու օդաչուները՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը զոհվել են:
Ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10:06-ին` Գյումրիի օդանավակայանից, ժամը 10:20-ի սահմաններում կապը օդանավի հետ կորել է: Մի քանի ժամ շարունակված որոնողափրկարարական աշխատանքներից հետո ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքում գրեց, որ վթարի վայրը Մարալիկի տարածաշրջանում է, լեռներում: Նա հրապարակեց մահացած օդաչուների անունները:
Այսօր քարոզարշավի ընթացքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկ րոպե լռությամբ հարգեց զոհված օդաչուների հիշատակը: «Հայաստանի Զինված ուժերի օդանավ է վթարի ենթարկվել. երկու փորձառու սպաներ, օդաչուներ զոհվել են։ Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը», - ասաց կառավարության ղեկավարը: «Դեպքը պետք է քննվի, պատճառները պարզվեն։ Ես իմ ցավակցությունն եմ հայտնում զոհված օդաչուների ծառայակիցներին, ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ավիավթարի կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը. «Խորապես ցնցված եմ ՀՀ զինված ուժերի ՍՈւ-25 գրոհային ինքնաթիռի կործանման և զինվորական օդաչուներ, փոխգնդապետ Արմեն Բաբայանի ու մայոր Մովսես Մանուկյանի զոհվելու ծանր լուրից: Վստահ եմ, որ օդային աղետի պատճառների բացահայտումը թույլ կտա հետագայում բացառել նման ողբերգության կրկնությունը, իսկ կատարվածը որևէ կերպ չի անդրադառնա Զինված ուժերի անձնակազմի մարտական ոգու վրա: Ծանր կորստյան այս պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհված օդաչուների ընտանիքներին, կիսում նրանց անփարատելի վիշտը և մաղթում եմ ոգու արիություն»: