Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի՝ ENEMO-ի (European Network of Elections Monitoring) միջանկյալ զեկույցը փաստում է՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի առաջին մասը «հանգիստ և խաղաղ էր, չնայած արձանագրվել են ատելության խոսքի դրսևորումներ»։
«Նախորդ ընտրական գործընթացների համեմատ՝ մենք տեսնում ենք, որ այս անգամ քարոզարշավի ընթացքում էականորեն նվազել է վարչական ռեսուրսի օգտագործումը», - ասաց առաքելության ղեկավար Զլատկո Վույովիչը։ Այսօր Երևանում հրավիրած ասուլիսում Վույովիչը նկատեց՝ ատելության խոսք ավելի քիչ է հնչել, քան հնչում է, ասենք, ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող մի շարք այլ երկրներում: «Մենք հաճելիորեն զարմացած էինք, որ այս նախընտրական քարոզարշավը շատ խաղաղ էր ընթանում, հաշվի առնելով, որ փոփոխությունները եղել էին բոլորովին վերջերս: Այո, մենք գրանցել ենք ատելության խոսքի որոշ դեպքեր։ Մենք գրանցել ենք դեպք, երբ վարչապետը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ ցածր չինովնիկներին ազատելու է աշխատանքից և այլն։ Սա հնչել է որպես սպառնալիք, բայց, ամեն դեպքում, եթե հաշվի առնենք ընդհանուր մակարդակը, ձեզ մոտ այս ատելության մթնոլորտը ցածր է, քան շատ այլ երկրներում», - նշեց նա։
Վույովիչն անդրադարձավ նաև ԿԸՀ-ի աշխատանքին, արձանագրել են, որ այս տարի ԿԸՀ-ը նույն կազմով շատ ավելի լավ աշխատանք է իրականացրել, քան նախորդ տարիներին։ Փոփոխությունները իշխանությունների քաղաքական կամքի շնորհիվ են: «Սա մի օրինակ է, թե ինչպես քաղաքական կամքը կարող է նման ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա միևնույն կազմակերպությունում։ Այսինքն՝ այդ կազմակերպությունը ունի իր բոլոր ինստիտուցիոնալ կարողությունները, նրանք ունեն փորձառություն, այնտեղ աշխատում են փորձառու մարդիկ, բայց նախկին խնդիրները առաջացել են քաղաքական ազդեցությունների պատճառով։ Հիմա տեսնում ենք այլ քաղաքական կամք, որը աջակցելու է արդար ընտրություններին», - ընդգծեց Զլատկո Վույովիչը։